10:55 , 8 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը 2009 թվականին քառասուն էջանոց մի տեղեկագիր էր պատրաստել՝ բացահայտելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կեղծ և ոչ հավաստի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ռոբերտսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» խորագրով հետաքննական տեղեկագիրը՝ հիմնված բրիտանական ներքին փաստաթղթերի վրա, որոնք ձեռք էին բերվել «Տեղեկատվության ազատություն» օրենքի շնորհիվ, բացահայտել էր, որ արտգործնախարարությունը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և ապակողմնորոշել Բրիտանական խորհրդարանն այս հարցում՝ Թուրքիային սիրաշահելու համար:
Ռոբերտսոնը ինձ ուղարկել էր 286 էջանոց իր նոր գրքի՝ «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» նախնական օրինակը, որն այս ամիս կհրատարակվի Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում: Յուրաքանչյուր ոք, ով կարդա հեղինակավոր իրավաբանի մանրազնին ուսումնասիրությունը, կասկածի նշույլ անգամ չի ունենա Ցեղասպանության իսկական փաստերի և փոխհատուցման համար հայ ժողովրդի արդար պահանջների վերաբերյալ:
Ռոբերտսոնի կողմից վերջերս ձեռք բերված Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը բացահայտում են, որ բրիտանական խորհրդարանն աստիճանաբար փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ժխտումից անցնելով դեպի տեսակետ արտահայտելուց խուսափելուն: Արտգործնախարարությունն ընդունում է, որ պետական քաղաքականության մեջ փոփոխությունը՝ Ռոբերտսոնի 2009 թ. զեկույցում առաջ քաշած հզոր իրավական փաստարկների ուղղակի արգասիքն է:
Մինչև վերջերս Մեծ Բրիտանիան համառորեն կառչած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր բացահայտ ժխտողական դիրքորոշմանը: Ռոբերտսոնի մեջբերած արտգործնախարարության 1999 թ. գաղտնի հուշագրում խոստովանություն կա, որ բրիտանանական կառավարությունը «քննադատելի է բարոյական առումով: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը, և որ ցեղասպանության ճանաչումը գործնականում ոչ մի օգուտ չի տա Մեծ Բրիտանիային կամ սպանություններից դեռևս ողջ մնացած մի քանի վերապրածների, ոչ էլ կօգնի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանը, ուստի ներկայիս գիծը միակ հնարավոր տարբերակն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ