10:48 , 8 հոկտեմբեր, 2014
Asekose.am-ը գրում է․
«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց հաղորդավար Արտավազդ Ամիրյանի հետ։
-Արտավազդ, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։
-Երևանն ինձ համար իմ տունն է, իմ ապրելակերպն է, իմ առավոտն ու գիշերն է... Երևանը, նրա փողոցները, պուրակներն ու շենքերն ինձ համար կան ու մնում են աշխարհում անփոխարինելի։ Կարծում եմ, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար էլ Երևանը տան խորհուրդ ունի։ Լինելով աշխարհի տարբեր քաղաքներում և հետ վերադառնալով Երևան, հասկանում ես, որ նրա շունչն ու հոտը, Երևանի գույնն ու տեսքը աշխարհում ոչ մի քաղաք չունի։
Երևանի տրամադրությունը, օդն ու ջուրը, Երևանի ամեն մի փողոցն ու պուրակը, հատկապես վերջին շրջանում, նոր գույն ու տրամադրություն է հաղորդում մեզ բոլորիս՝ ոգեշնչելով ավելի լավ աշխատել, ավելի մաքուր ու խնամքով պահել համայն հայության մայրաքաղաք Երևանը։
-Ո՞րն է Երևանի Ձեր ամենասիրելի անկյունը։
-Ինձ համար Երևանում չկա մի անկյուն, որը հարազատ ու սիրելի չլինի։ Վերջին շրջանում հատկապես Երևանի պուրակներն են իրենց գունագեղ շատրվաններով ինձ համար դարձել չափազանց հարազատ ու հաճելի վայր, ինչպես սիրելիի հետ զբոսնելու, այնպես էլ՝ ընկերական հավաքույթների, միջոցառումների ու տարբեր տոնակատարությունների համար։ Նկատելով, որ վերջին շրջանում և՛ երևանցիները, և՛ Երևան ժամանած հյուրերը մեծ խնամքով են վերաբերվում մայրաքաղաքին, ես կցանկանայի ևս մեկ անգամ խնդրել, որպեսզի որքան հնարավոր է մաքուր ու խնամքով վերաբերվենք մեր մայր քաղաքին, մեր Տուն Երևանին։
-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը։
-Ինձ համար «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը հատկապես վերջին տարիներին է դարձել առավել սիրելի, պայմանավորված ոչ միայն նրանով, որ ինքս եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերում, այլ այն հանգամանքով, որ վերջին տարիներին Երևանն իր ծննդյան օրը հանդես է գալիս նոր գույներով և նոր «հանդերձանքով»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ