23:36 , 7 հոկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
- Hi! Welcome to Paramount Pictures!
– Hi! How are you?
– Where are you from, guys?
– Oh! From Armenia? Is it in Russia? Gorbachov! Spasibo! Mmm… Kremlin!!!
– No, no, bro, I know Armenia, it’s a little country. I know Armenians. We have Little Armenia here, in Los Angeles! Bareeeev, vontses?!
«Paramount Pictures»-ի մուտքի մոտ այսպես դիմավորեցին կինոստուդիայի 2 աշխատակիցները՝ տեղալով հարցերի տարափը: Հենց Քրիս Հանթն էլ, որն այդքան լավ գիտե՝ ինչպես ողջունել հայերեն, իր «ռուսախոս» գործընկերոջը հորդորեց սպասել հաջորդ հյուրերին, իսկ ինքը սիրով ստանձնեց մեր ուղեկցորդի դերը «Paramount Pictures»-ի բարձր պարիսպներից ներս:

Յուտայի նահանգի սարերից մեկն ու նրա շուրջ պտտվող աստղերը պատկերող տարբերանշանով հայտնի «Paramount Pictures»-ի անունը սերտորեն կապված է հոլիվուդյան կինոարտադրության հետ: Առաջին հոլիվուդյան կինոստուդիաններից մեկն է, մեկը՝ ամերիկյան 100-ամյա կինոյի հայրերից: Եվ այն այսօր միակն է, որ գտնվում է հենց Հոլիվուդ քաղաքում:

Դարասկզբին երկու ընկերությունների միաձուլումից (Famous Players&Lasky) ծնված կինոստուդիան շատ արագ է նվաճել կինեմատոգրաֆիայի Օլիմպոսը՝ արդեն 1 դար համարվելով լավագույն դերասանների և ամենաեկամտաբեր ֆիլմերի կինոստուդիա:
- «Paramount Pictures»-ը հարուստ անցյալ ունի և հպարտանում է ապրած ամեն մի դրվագով: Ստուդիայի պատերի ներսում անցած դարասկզբին կառուցված ամեն ինչ դեռ տեղում է, ավելացել են միայն նոր շինություններ, այն էլ` հների ոճով,- պատմում է Քրիսը` մեզ ուղեկցելով «Paramount Pictures» մինիքաղաքի փողոցներով:
Չկան միայն այն ժամանակների դեմքերը` կինոաստղերը: Նրանց լուսանկարները, նույնիսկ կինոստուդիայի հետ ստորագրած պայմանագրերի պատճենները խնամքով տեղադրված են ցուցափեղկերում:

- ժամանակին «Paramount Pictures»-ն իր հետ պայմանագիր կնքած դերասաններին պարտադրում էր ամեն օր աշխատանքի գալ ՝ անկախ նկարահանման գրաֆիկից: Այդպիսով, ստուդիան հանգիստ էր լինում, որ իր դերասանները չեն համագործակցի այլ ընկերությունների հետ: Խեղճ դերասանները ստիպված ժամանակ էին սպանում այս պարիսպների ներսում: Նրանց զբաղեցնելու համար էլ կառուցվել են սրճարաններ, որոնք այսօր էլ գործում են,- հինավուրց բիզնես-գաղտնիքներն է բացում Քրիսը` նախապես զգուշացնելով, որ մեր շրջայցը կտևի ավելի քան 2 ժամ. դա հազիվ բավականացնի կինոստուդիայի փողոցներով անցնելուն միայն:
«Paramount Pictures»-ն այսօր համարվում է Հոլիվուդի ամենամեծ հողատերը: Դեռևս դարասկզբին Հոլիվուդի քաղաքապետարանից գրոշներով գնված տարածքն այժմ զբաղեցնում է 263.055 քմ կամ 26 հա տարածություն և գնահատվում 750 միլիոն դոլար: 50 կմ տարածություն են զբաղեցնում միայն ստորգետնյա մի քանի հարկերը: Մի խոսքով, սա մի ամբողջ քաղաք է` քաղաքի ներսում: Անցորդներ էլ կան` կինոստուդիայի բազմաթիվ հյուրերը, ամենաքիչը` օրը 400 հոգի:

Կինոստուդիայի բոլոր ժամանակների տերերը նույնությամբ պահպանել են քաղաքապետարանից գնած ամբողջական փողոցի կառույցները: Նյու Յորք սթրիթի` մոտ 100 տարի առաջ կառուցված շենքերում այժմ տեղակայված են կինոստուդիայի վարչական բաժիններն ու սրճարանները: Այդ գլխավոր փողոցին ուղղահայաց կամ զուգահեռ ձգվող 6 փողոցների վրա «Paramount Pictures»-ի 39 ստուդիաներն են, որոնցում էլ «կործանվել» է Տիտանիկը, «սպանվել» Դոն Կառլեոնեն ու իր հարսնացուին «գտել» հմայիչ Շրեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ