18:14 , 7 հոկտեմբեր, 2014
Pastinfo.am-ը գրում է․
ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրությունը շարունակվում է: Այս պահին հանձնաժողովն ստուգում է օրվա ընթացքում երկրորդ հավակնորդի` Դավիթ Խաչատուրյանի օտար լեզվի, մասնավորապես` անգլերեն լեզվի իմացությունը:
Նրանից առաջ հանձնաժողովը քննել է նաև փաստաբան Վահե Գրիգորյանին: Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը պետք է հարցազրույց հանձներ դեռ երեկ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա հարցազրույցը 1 օրով հետաձգվեց:
Եվ այսպես, այս պահին հարցազրույցի փուլը հաղթահարել են առաջադրված 12 հավակնորդներից արդեն 7-ը` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանը, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը և մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն ծավալած Դավիթ Խաչատուրյանը:
Իսկ հավակնորդներից մեկը` Արմավիրի մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանը, երեկ հարցազրույցին չէր ներկայացել և մրցութային հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի հեռախոսազանգին ի պատասխան հայտնել, որ հրաժարվում է մրցույթին հետագա մասնակցությունից:
Իսկ հանձնաժողովին մնացելէ քննել ևս 4 մասնակցի: Չի բացառվում, որ նրանցից ոմանք հարցազրույց կհանձնեն արդեն վաղը:
Հիշեցնենք՝ համաձայն գործող կարգի` յուրքանչյուր մանակցի քննելու համար հանձնաժողովը տրամադրում է առավելագույնը 2 ժամ: Հարցազրույցը բաղկացած է երեք մասից. Առաջին մասում, որի համար տրվում է 30 րոպե, մասնակիցը ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձն ու ձեռքբերումները, նաև պատասխանում իր գործունեությանն ու կենսագրությանը վերաբերող հանձնաժողովի հարցերին, երկրորդ մասում, որի տևողությունը 45 րոպե է, մասնաիցը պատասխանում է հանձաժողովի մասնագիտական հարցերին, իսկ երրորդ հատվածում՝ դարձյալ առավելագույնը 45 րոպեի ընթացքում, ստուգվում են մասնակցի օտար լեզվի գիտելիքները, նրան առաջարկվում է ուսումնասիրել Եվրոպական դատարանի կողմից քննված որևէ գործի համառոտագիրը, հայերենով ներկայացնել դրա բովանդակությունը, ընթերցել դրա մի հատվածը և բանավոր թարգմանել այն, կատարել նախապես պատրաստված հայերեն իրավաբանական տեքստի գրավոր թարգմանություն, ինչպես նաև նրա հետ անցկացվում է զրույց՝ մասնագիտական հարցերի շուրջ բանավոր հաղորդակցվելու նրա կարողությունը պարզելու համար:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100 միավորանոց համակարգով, որից անձնական հատկանիշները` 20, մասնագիտական որակները` 55 և լեզվական կարողությունները` առավելագույնը մինչև 25 միավոր:
Հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները մինչև մրցույթի ավարտը գաղտնի են պահվելու: Դրանք հանձնաժողովը կհրապարակի միայն մրցույթի վերջին օրը, որից 1 օր անց կհրապարակվեն նաև առավելագույն միավորներ ստացած 3 թեկնածուների անունները: