24 սրամիտ ասույթ Բեռնարդ Շոուից


17:58 , 7 հոկտեմբեր, 2014

Բեռնարդ Շոուն միակ մարդն է, ով միաժամանակ արժանացել է և՛ Նոբելյան մրցանակի, և՛ Օսկարի «Պիգմալիոն» կինոնկարի սցենարի համար։  Գրողը խոստովանել է, որ ոչինչ չի սովորել այն դպրոցներում, որոնք հաճախել է, սակայն շատ բան է քաղել իր համար Աստվածաշնչից,  Չարլզ Դիքենսի, Շեքսպիրի և այլ գրողների գրքերից, ինչպես նաև այն օպերաներից, որոնցում երգում էր իր մայրը։ Նրա հարուստ կենսափորձն ու իմաստությունը իրենց արտացոլումն են գտել նրա բազմաթիվ  ստեղծագործություններում։ Մենք ծաղկաքաղ են արել այդ ստեղծագործություններից մի քանի սրամիտ աֆորիզմ ու ստորև ներկայացնում ենք դրանք Ձեր ուշադրությանը։

1. Աշխարհը բաղկացած է պորտաբույծներից, ովքեր  ցանկանում են փող ունենալ, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել առանց հարստանալու։

2. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց դրսևորումն է։

3. Ատելությունը վախկոտի հաշվեհարդարն է իր ապրած վախի համար։

4. Կատարյալ ամուսինը այն տղամարդն է, ով համարում է, որ ինքը կատարյալ կին ունի։

5. Մեծագույն պարգև է կարողանալ դիմանալ մենությանը և հաճույք ստանալ դրանից։

6. Երբեմն պետք է ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի շեղեք նրանց Ձեզ սպանելու մտադրությունից։

7. Մերձավորի հանդեպ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը։ Հենց անտարբերությունն է անմարդկայնության գագաթնակետը։

8. Կանայք անմիջապես կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստ  դավաճանել նրանց։ Նրանք երբեմն կռահում են դա, նախքան դա մեր մտքով կանցնի։

9. Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ։ Ճիշտ է կրքոտ կանանց երբեմն խեղդում են, սակայն նանց հազվադեպ են լքում։

10. Ալկոհոլը անեսթեզիա (ցավազրկում) է, որը թույլ է տալիս հետաձգել կյանք կոչվող վիրահատությունը։

11. Իրականության  օբյեկտիվ ընկալումից զուրկ մարդիկ հաճախ այն ցինիզմ են անվանում։

12. Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով ինքը չի կարողանում, ուրիշներին է սովորեցնում։

 

13. Փորձեք ստանալ այն, ինչ հավանում եք, հակառակ դեպքում ստիպված կլինեք հավանել այն, ինչ ստացել եք։  

14. Ծերություննը ձանձրալի է, սակայն դա երկար ապրելու միակ ճանապարհն է։

15. Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում։

16. Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է Ձեր գլխավերևում և ստիպում է Ձեզ վեր նայել, մինչ ուրիշները թալանում են Ձեր գրպանները։  

17. Եթե ես ու Դուք մեկական խնձոր ունենանք ու փոխանակվենք այդ խնձորներով, յուրաքանչյուրիս մոտ նախկինի պես մեկ խնձոր կմնա։ Իսկ եթե ես ու Դուք մեկական գաղափար ունենանք ու փոխանակվենք այդ գաղափարներով, երկուսս էլ առնվազն երկու գաղափար կունենանք։

18. Առողջ բանականությունը ու աշխատասիրությունը փոխհատուցում են տաղանդի բացակայությունը, այնինչ Դուք կարող եք տաղանդավոր լինել և սեփական հիմարության պատճառով կործանել Ձեր կյանքը։

19. Մարդը նման է աղյուսի։ Այրվելով էլ ավելի է ամրանում։

20. Հեղինակությունը դիմակ է, որը մարդ ստիպված է կրել ճիշտ այնպես, ինչպես անդրավարտիքը կամ կոստյումը։

21. Այն մարդը, ով ոչնչի չի հավատում, ամեն ինչից վախենում է։

22. Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին, իսկ անխելքը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն։ Հենց այս պատճառով էլ առաջընթացը կախված է անխելքներից։  

23. Հարուստ մարդիկ, ում մոտ բացակայում են համոզմունքները,  ժամանակակից հասարակության մեջ ավելի վտանգավոր են, քան աղքատ կանայք, ում մոտ բացակայում է բարոյականությունը։

24. Հիմա, երբ մենք սովորել են թռչունների պես սավառնել օդով, ձկների պես լողալ ջրի տակ, մեզ միայն մի բան է պակասում. սովորել  մարդավարի ապրել այս աշխարհում։