Ս. Զաքարյան. Նման դրոշմապիտակավորում ոչ մի երկրում չի կատարվում


14:43 , 7 հոկտեմբեր, 2014

Aysor.am-ը գրում է․

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը հաստատվել է առանց մասնավոր հատվածի հետ քննարկումների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ նման արագ գործընթացը դեղարտադրողների համար անակնկալ էր:

Ըստ նրա, օրենքի փոփոխությունները խնդիրներ են առաջացնելու, նախ մատակարարը չի կարողանալու ժամանակին հասցնել դեղամիջոցը սպառողին, խնդիրներ կառաջանան նաև դեղերի արտահանման հարցում:

Ս. Զաքարյանը հաղորդեց, որ դեղերի դրոշմապիտակավորումը ձեռքով է կատարվելու, որը կհանգեցնի դեղերի գների աճի, ինչ վերաբերում է դրոշմապիտակավորման համակարգին, բանախոսը միանշանակ ընդգծեց, որ նման համակարգ որևէ երկրում չի գործում և դեղերի կանխատեսվող 3-5 տոկոս թանկացումը անհասկանալի է, ենթադրվում է, որ դեղերն ավելի կթանկանան:

«Ակնկալած արդյունքները չենք ստանալու»,-ասաց բանախոսը՝ կանախատեսելով, որ նման իրավիճակը կպարալիզացնի ոլորտը: