Այսօր հայկական երգարվեստի ամենականացի ներկայացուցիչներից մեկը, կամ, ինչպես շատերն են որակում, հայկական շոուբիզնեսի Ռոտարուն՝ Սյուզան Մարգարյանը, նշում է իր տարեդարձը: Արդեն 53 տարեկան երգչուհին, շատերի կարծիքով, ունի ամեն բան՝ երջանիկ լինելու համար: Life.panorama.am-ի հետ զրույցում նրա ընկերներն իրենց սրտի խոսքն են հղել սիրված երգչուհուն:
Ալլա Լևոնյան-Սյուզանն ինձ համար մեծ քրոջ պես է, անչափ սիրելի մարդ, ընկերուհուս ինչ էլ ցանկանամ՝ քիչ կլինի: Նա իմ իմացած ամենամեղմ ու քնքուշ կանանցից է, մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Ընկերոջ բացառիկ տեսակ է՝ մինչև վերջ նվիրվող:
Սյուզանը մի քանի տարօրինակ ու ծիծաղաշարժ հատկություններ ունի, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում նրան: Օրինակ՝ պահի տակ կարող է երեխայի պես միամիտ լինել, մի բան ասել, որ զարմանաս (ծիծաղում է): Բացի այդ՝ նա երբեմն շատ է տարվում իր աշխատանքով, օրինակ՝ այնքան է մտածում սպասվող համերգի մասին, որ բեմ դուրս գալուց առաջ ինչ-որ բան սխալ է հագնում(ծիծաղում է):
Փառք Աստծո, նա այսօր ամեն ինչ ունի, մաղթում եմ, որ վերջին ուրախությունը կրկնապատկվի ու լիքը թոռնիկներ ունենա:
Ավետ Բարսեղյան-Սյուզանի հետ վերջին տարիներին էլ ավելի սերտ եմ շփվում: Նրան, Հրաչյային, Սիրուշոյին համարում եմ իմ ընտանիքը: Սյուզանն առանձնանում է իր հյուրասիրությամբ, ջերմությամբ, մեղմությամբ: Երբեմն կարող եմ նյարդայնացած լինել ինչ-որ բանից, և նրա խոսքը բալանսի բերի ինձ, Սյուզանը թերապևտիկ հատկություն ունի. նրա երգերն էլ են այդպիսին:
Մաղթում եմ առողջություն, ուրախություն ու արև, ինչպիսին որ ինքն է:
