16:32 , 6 հոկտեմբեր, 2014Ֆրանսիական կինոյի 65-ամյա լեգենդ Ժերար Դեպարդիեն վերջերս հրատարակել է «Ահա ինչպես եղավ» ինքնակենսագրական գիրքը։ Այդ գրքում նա սենսացիոն բացահայտումներ է արել իր մանկության ու երիտասարդության մասին։ Բանից պարզվում է, որ Դեպարդիեն զբաղվել է մարմնավաճառությամբ, գերեզմաններ կողոպտել, առևանգել իր հաճախորդների մեքենաները և մաքսանենգ ճանապարհով ծխախոտ ներկրել։

10 տարեկանում ես առնվազն 15 տարեկանի տեսք ունեի։ Ես շատ վաղ հասակից գիտակցեցի, որ գրավում եմ նույնասեռականներին։ Երբ տղամարդիկ ինձնից ինտիմ ծառայություններ էին խնդրում, ես փոխարենը փող էի խնդրում նրանցից։
Երիտասարդ հասակում հայտնի դերասանը 3 ամիս անցկացրել է բանտում ավտոմեքենա առևանգելու համար։ Մարմնավաճառությամբ զբաղվելու տարիներին Դեպարդիեն իր հաճախորդների խնդրանքով գերեզմաններ էր պղծում։ Դեպարդիեն պատմել է, որ արտաշիրմել է նոր թաղած դիակներին՝ դագաղներից թանկարժեք իրեր գողանալու համար։
Դերասանը նշում է, որ իր դժվարին երիտասարդության պատճառը իր ընտանիքն էր։ Նրա մայրը ցանկացել էր ազատվել երեխայից։ Նա հետագայում պատմել է որդուն, որ տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման մի քանի փորձ է արել՝ օգտագործելով այնպիսի վտանգավոր առարկաներ, ինչպիսիք են օրինակ՝ գործելու շյուղերը։ Ժերարը երրորդ երեխան էր ընտանիքում։ Թեպետ նրա մայրը չէր ցանկանում երրորդ երեխային լույս աշխարհ բերել, Ժերարից հետո նա էլի երեխաներ ունեցավ։ Ժերարի հայրը հարբեցող էր և թեպետ տարված էր փողի մոլուցքով, ընտանիքը չքավորության էր մատնված։
Աղքատությունը, չսիրված լինելու գիտակցումը և քույրերի ու եղբայրների համար կրած պատսխանատվությունը փողոց գցեցին Դեպարդիեին։ Հատկանշական է, որ Դեպարդիեն սեռական փոքրամասնությունների աջակցությամբ է դերասանական կրթություն ստացել։ Մի գործակալ, ով գեյերի թատերախմբի համար տաղանդավոր մարդիկ էր փնտրում, վճարեց նրա ուսման վարձը։ Հաջողության աստղը ժպտաց Դեպարդիեին 1974 թ.-ին, երբ նա նկարահանվեց «Վալս պարողները» կինոնկարում։ Դրանից հետո դերերի առաջարկները հաջորդեցին մեկը մյուսին և Դեպարդիեն համաշխարհային հռչակ ձեռք բերեց։ Այնուամենայնիվ, անձնական կյանքում նրա մոտ ամեն ինչ այնքան հարթ չդասավորվեց, ինչպես կինոկարիերայում։ Նրա որդիներից մեկը՝ Գիլյոմեն, թմրանյութեր էր օգտագործում։ Նա անգամ բանտ է ընկել գողության մեղադրանքով։ Տղայի ոտքը անդամահատեցին մի ճանապարհային պատահարից հետո։ Մի քանի տարի անց՝ 2008 թ.-ին, 37-ամյա Գիլյոմեն մահացավ թոքաբորբից։ Դեպարդիեի հարաբերություններն իր մյուս երեխաների հետ շատ կոնֆլիկտային են։ Դեպարդիեն ասում է, որ իր երեխաներն ամաչում են կրել իր ազգանունը։
Դեպարդիեն հորից ժառանգել է ալկոհոլի հանդեպ թուլությունը։ Վերջերս նա խոստովանել է, որ օրը 14 շիշ գինի է խմում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից իր հանդեպ ցուցաբերված բարեհաճ վերաբերմունքի մասին խոսելով՝ դերասանը նշել է. «Պուտինին հավանաբար դուր է եկել, որ ինձ երբեմն հարբած վիճակում գտնում են մայթերին»։