08:50 , 6 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, թե որ տարիքում է տղամարդն առավել բավարարված իր կյանքից ու իր վիճակը գնահատում է անվտանգ։
Crown Clinic կենտրոնի փորձագետները մարդկության ուժեղ կեսի հազարավոր ներկայացուցիչների հարցրել են, և պարզվել է, որ միայն 54 տարեկանում են նրանք վստահություն և անվտանգություն զգում։ Հետազոտողների կարծիքով՝ ավելի երիտասարդ տարիքում կյանքից հաճույք ստանալուն տղամարդկանց խանգարում են մեծ ֆինանսական ճնշումը և ուշ հայրությունը։
Ըստ վիճակագրության՝ երեխաների երկու երրորդը ծնվում է 30 տարեկանից բարձր տարիքի հայրերից։ Որպես կանոն, տղամարդն առաջին անգամ հայրանում է 32 տարեկանում։
Այդ պատճառով հատկապես 54 տարեկանից հետո է սկսվում իսկական կյանքը, որը թույլ է տալիս հաճույք ստանալ, վկայում են հարցման արդյունքները։ Բազմաթիվ տղամարդիկ չեն հավատում, որ դուրս են եկել սոցիալական կայունության մակարդակ, քանի դեռ չեն մոտենում կենսաթոշակային տարիքին։
Հատկանշական է, որ համեմատաբար երիտասարդ տարիքային խումբը ավելի հաճախ է անվստահություն զգում ֆիզիկական թերությունների, դրամական խնդիրների և միայնակության պատճառով։
Մասնավորապես, հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու ամենամեծ վախը իր համար սեփական կացարան ապահովել չկարողանալն է։ Անշարժ գույքի բարձր գները ժամանակակից տղամարդկանց ստիպում են կյանքի մեծ մասն անցկացնել վարձով բնակարանում։
Ծերությունից գլխավոր վախերի մեջ տղամարդիկ նշում են ճաղատացումը, աշխատանքը կորցնելը, ճերմակելը, կրկնակզակը, միայնությունը, կենսաթողակի գնալու անհնարինությունը, վատ առողջությունը, ատամների հետ կապված խնդիրները, ակնոց կրելը, ամուսնալուծությունը, իմպոտենցիան և աղքատությունը, հաղորդում է khabtime.info-ն։