Պուտինը «սև ուժի քաղաքական գործիչ» է. Վախթանգ Կիկաբիձե


18:11 , 4 հոկտեմբեր, 2014

RIAN_00972220.LR

1in.am-ը գրում է.

Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն ուկրաինական «Սեգոդնյա» պորտալի հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «սև ուժի քաղաքական գործիչ»: Այս մասին տեղեկացնում է tvrain.ru-ն:

«Այդ մարդուն ես կարող եմ ասել, որ նա սև ուժի քաղաքական գործիչ է: Ու մինչ նա կապրի իր հավակնություններով, նա ամբողջ ժամանակ կսպառնա ինչ-որ երկրների, համակարգերի: Նա նվաճող է»,- ասել է Կիկաբիձեն ի պատասխան այն հարցի, թե հնարավորություն ունենալու դեպքում ինչ կասեր Պուտինին:

Արտիստը նշել է, որ կմասնակցեր Կիևի կողմից Ուկրաինայի արևելքում հատուկ գործողությանը, եթե լիներ երիտասարդ: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ երկու եղբայրական ժողովուրդների միջև թշնամանքը անմարդկային է ու անթույլատրելի:

Բացի այդ՝ Կիկաբիձեն հայտնել է Կիևում բարեգործական երեկոյի անցկացման մասին՝ ի հիշատակ «Երկնային հարյուրյակի»:

«Ես միշտ եմ պատրաստ ելույթ ունենալ Կիևում՝ ձեր երկրի բոլոր հայրենասերների համար, ու ցանկանում էի դա անել հենց Մայդանում: Իմ համերգային ծրագիրն արդեն պատրաստ է, ու ես ցանկանում եմ գալ ոչ միայն Կիև, այլև ձեր երկրի շատ այլ քաղաքներ, սակայն դեռ առողջությունս թույլ չի տալիս»,- հայտնել է Կիկաբիձեն: