17:33 , 4 հոկտեմբեր, 2014Լրագրող, գրող ու բլոգեր Էնի Մյուլերը խոստովանել է իր մոլուցքի մասին։ Չէ, չէ, վատ բան մի․ մտածեք։ Նա պարզապես գրքամոլ է։ «Blognews»-ի խմբագրությունը որոշեց թարգմանել նրա ստեղծագործությունը և ներկայացնել այն Ձեր ուշադրությանը։

Ես ցանկանում եմ խոստովանել։ Ես կախվածություն ունեմ։ Դա կատարվում է իմ գրեթե ողջ կյանքի ընթացքում, դեռևս մանկուց։ Ես պետք է որ շփոթմունքի զգացողություն ունենայի, սակայն չունեմ։
Գուցե արժեր, որ ես օգնություն խնդրեի, սակայն ես դա չեմ անի։ Ես պարզապես կվերադառնամ գրախանութ, կվերադառնամ էլեկտրոնային գրքերի աանվերջ շարքին, կվերադառնամ իմ գերծանրաբեռնված գրադարակներին։ Նրանք ինձ լավ գիտեն։ Նրանք ինձ սիրում են։ Այստեղ կա այն ամենը, ինչ ինձ հարկավոր է։ Ես ինչո՞ւ պետք է կանգ առնեմ։Իսկ ինչո՞ւ Դուք ևս չեք սկսում։ Երբ Դուք սկսում եք ավելի շատ ընթերցել, կյանքը փոխվում է։ Ահա թե ինչպես է դա տեղի ունենում։
Ընթերցանության միջոցով Դուք Ձեր կյանքի ձախորդություններից, սթրեսներից ու ձանձրույթից խույս տալու անվտանգ ձև կգտնեք։
Կարիք չկա դիմել դեղերի կամ ալկոհոլի օգնությանը։ Խնայե՛ք Ձեր գումարը։ Գրանցվե՛ք գրադարանում կամ սկսեք ներբեռնել ինտերնետում անվճար հասանելի հազարավոր գրքերից մի քանիսը։ Խորասուզվե՛ք պատմության մեջ։ Մոլորվե՛ք այլ աշխարհում։ Ձեր սեփական կերպարի մեջ պարփակվելու փոխարեն փորձեք հայտնվել գրական հերոսների կերպարում։
Դա արագ է ու շահավետ։ Երբ այլևս չեք կարողանում Ձեր ուսերին տանել աշխարհի դժվարությունների ողջ ծանրությունը, գտե՛ք Ձեր սեփական էվակուացիոն (տարհանման) ուղին։ Ո՞վ կհամարձակվի վերևից նայել Ձեզ վրա սոսկ նրա համար, որ Դուք տարվել եք ընթերցանությամբ։ Խոստանում եմ, ես երբեք չեմ ասի, թե իրականում ինչ է կատարվում։
Դուք կբացահայտեք, որ ընտանիք ունեք։
Ես գիտեմ, որ Դուք ծնողներ ունեք, գուցե նաև քույրեր ու եղբայրներ, անթիվ-անհամար մորաքույրներ, հորաքույրներ, քեռիներ, հորեղբայրներ, տատիկներ ու պապիկներ։ Գուցե և չունեք։ Գուցե Դուք Ձեզ միայնակ ու լքված էիք զգում այս աշխարհում նախքան ընթերցանությամբ զբաղվելը։ Գուցե Դուք իրականում ոչ թե լքված ու միայնակ եք, այլ պարզապես համակվել եք մենության զգացումով այն պատճառով, որ ընդհանուր լեզու չեք գտնում Ձեր սեփական ընտանիքի հետ։ Ինչ էլ որ լինի, Դուք կարող եք մոլեռանդ ընթերցող դառնալ և նոր բարեկամներ ձեռք բերել։ Գոյություն ունի մի հրաշալի ու հյուրընկալ համաշխարհային ընտանիք։ Դա ընթերցողների, գրքասերների, գրական թմրամոլների ընտանիքն է։ Դարձե՛ք մեզնից մեկը և երկրագնդի ցանկացած անկյունում հարազատ հոգիներ ձեռք կբերեք։ Մենք անշուշտ ազդանշան ունենք, որի միջոցով ճանաչում ենք իրար։ Այն շատ պարզ է։ Պարզապես գի՛րք վերցրեք ու սկսեք կարդալ։ Ահա այն ամենը, ինչ պահանջվում է։ Մենք կտեսնենք Ձեզ։ Մենք կճանաչենք։ Մենք Ձեր կողքին կլինենք ցանկացած պահի, երբ Դուք դրա կարիքը զգաք։
Դուք արտաժամանակյա գլոբալ զրույցի մասնակիցը կդառնաք։
Գրքերի շնորհիվ մենք հաղորդակից ենք դառնում անցյալին։ Բացի այդ, գրականությունը մշակույթների, երկրների, սոցիալական դասերի և խմբերի հաղորդակցության եղանակ է։
Գրքերը մեզ թույլ են տալիս մուտք գործել այլոց կյանք ու այլ աշխարհներ և խորասուզվել դրանցում՝ առանց ինքներս մեզ անպոչ գդալ զգալու։ Այո՛, դա հիանալի է։ Դուք երբեք չե՞ք ցանկացել այլ մարդ լինել, գնալ որևէ այլ տեղ, այնպիսի զգացողություններ ապրել, որոնք չէիք կարող ապրել սեփական կյանքում։ Այդ ամենը առկա է գրքերում։ Էլ ինչի՞ն եք սպասում։
Դուք կսովորեք գեղեցիկ արտահայտվել։
Ընթերցանությունը բառապաշարը հարստացնելու, քերականական ու ուղղագրական հմտությունները զարգացնելու ամենահեշտ եղանակներից է։ Ավելի շա՛տ ընթերցեք և կկարողանաք ինքնագոհ ծիծաղել, երբ Ձեր ընկերները սոցցանցերի իրենց գրառումներում սխալներ թույլ տան։ Դուք կկարողանաք ուղղել նրանց։
Դուք կսկսեք սիրել հերթերը, կանգառները և սպասասրահները։
Դա կարող է շրջադարձային պահ դառնալ Ձեր կյանքում։ Բարկանալու, Ձեր ցասումն ու դժգոհությունն արտահայտելու փոխարեն կարելի է պարզապես... ընթերցել։ Ընդամենը հանում եք մի հետաքրքիր գիրք գրպանից կամ պայուսակից, և Դուք ցրվում եք, հաղորդակից դառնում գրքի հերոսներին, իսկ Ձեր ինտելեկտուալ կարողությունները խթանվում են. երեքը մեկում։ Իմ ընկերուհին ասում է, որ ընթերցանությունը նրան ընձեռում է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում երջանիկ լինելու կարողությունը, անգամ եթե սպասումը չափազանց երկար է ձգվում։ Սա գերբնական կարողություն է, որի կարիքն ունի ցանկացած ոք։
Ընթերցանությամբ տարվելուց հետո Դուք ավելի հաճելի մարդ կդառնաք։
Գուցե Դուք առանձնապես չեք տենչում ավելի հաճելի մարդ դառնալ, սակայն Ձեր շրջապատը հաստատ միայն երջանիկ կլինի դրանից։ Գուցե Դուք երբեք ռասիզմի, բռնության կամ չքավորության զոհ չեք եղել։ Գուցե չեք էլ պատկերացնում, թե որքան անտանելի է տառապել անպատասխան սիրուց։ Գուցե Ձեզ համար ավելի հեշտ է քննադատել, քան կարեկցել։
Ընթերցանությունը լիովին չի վերափոխի Ձեր այդ հատկությունները (տասնամյակներ շարունակ ընթերցելուց հետո էլ ես չեմ կորցրել քննադատելու կարողությունս), սակայն այն կօգնի Ձեզ քննադատելուց առաջ մտածել և առանց երկար-բարակ մտածելու կարեկցել մարդկանց։
Բանն այն է, որ երբ Դուք սկսում եք գրքերի շնորհիվ ապրել այլոց կյանքով, Դուք սկսում եք տեսնել Ձեր շուրջ ապրող այլ մարդկանց կյանքի պատմությունը։ Սրանք պատմություններ են, որոնց մասին Դուք նախկինում ոչինչ չգիտեիք։ Դուք սկսում եք ավելի մեծ ըմբռնումով մոտենալ ամեն ինչին, ավելի մեծ հետարքրություն ցուցաբերել, ավելի հազվադեպ գոռալ «մենք դեմ ենք նրանց» և շատ ավելի հաճախ շշնջալ «մենք բոլորս միասին ենք»։
Դուք շատ բաներ կիմանաք։
Անգամ եթե Դուք ֆանտաստիկ ժանրի գրականություն եք ընթերցում, Դուք կարող եք շատ բան իմանալ այլ երկրների մշակութային ազդեցության, հարաբերությունների, պատմության, վախի, մարդկային հոգեբանության, պատերազմի հետևանքների, ռոբոտների կողմից աշխարհի նվաճման եղանակների և շատ այլ բաների մասին։ Այս ամենը շատ կարևոր տեղեկատվություն է։
Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ։ Ընթերցե՛ք հասարակագիտական գրականություն՝ կենսագրություններ, պատմական աշխատություններ, գրքեր ընթացիկ իրադարձությունների մասին։ Կատակ եմ անում։ Ընթացիկ իրադարձությունների մասին գրքերը կարող եք բաց թողնել։ Դրանց փոխարեն պատմական գրքեր ընթերցեք։ Այդպես Դուք շատ ավելի շատ բան կիմանաք ժամանակակից կյանքի մասին։ Փիլիսոփայություն, հոգեբանություն, հուշագրություններ, ուսուցողական ձեռնարկներ... Դուք կարող եք գիրք գտնել Ձեզ հետաքրքրող ցանկացած թեմայով։ Իսկ եթե հանկարծ չգտնեք, գուցե արժե, որ ինքներդ գրեք։
Դուք կհայտնաբերեք, որ ավելի հիմար էիք, քան պատկերացնում էիք։
Այն ժամանակ, երբ դեռ կախվածություն չունեիք գրքերից, Դուք համարում էիք, որ անաչառ եք դատում ամեն ինչի մասին, այնպես չէ՞։ Դե խոստովանե՛ք։ Ես չեմ ծիծաղի։ Ձեզ թվում էր, թե շատ բան գիտեք, լայնախոհ եք և ճշգրիտ պատկերացումներ ունեք կյանքի մասին։ Իսկ հետո Դուք սկսեցիք ընթերցել։ Առաջին գրքերը թերևս հիմնովին չփոխեցին իրավիճակը։ Դրանք ապահով պահպանում էին Ձեզ հարմարավետության գոտում, բայց հետո ընթերցասերների ընտանիքից մեկը խորհուրդ տվեց Ձեզ ինչ-որ գիրք կարդալ։ Նա հավանաբար ասաց. «Դու պետք է կարդաս սա։ Սա իսկապես հոյակապ գիրք է»։ Դուք հետևեցիք նրա խորհրդին և հանկարծ հասկացաք, որ այն, ինչ Ձեզ այնքան ծանոթ էր թվում, ինչի մեջ Դուք 200 % -ով վստահ էիք, իրականում բնավ էլ այնպես չէ, ինչպես Դուք էիք կարծում։ Այդժամ Դուք զգացիք, թե ինչպես է Ձեր ուղեղը «ճաքեր տալիս»։ Իսկ երբ այդ ճաքերի մեջ լույս ընկավ, Դուք տեսաք, թե իրականում ինչպիսի վիճակում է Ձեր ուղեղը. այն մթագնած էր, փոշոտ, լի բազմաթիվ բացերով։ Դուք շարունակեցիք ընթերցել, և ճաքերն ավելի ու ավելի շատացան։ Առկա բացերը մեկը մյուսի հետևից հօդս ցնդեցին։ Լույսը գնալով ավելանում էր, իսկ օդը՝ մաքրվում։
Դուք սկսեցիք Ձեր ուղեղը զբաղեցնել տարբեր բաներով՝ պատկերներով, զրույցներով, գաղափարներով, ստույգ տվյալներով, պոեզիայով, կյանքի պատառիկներով, որոնք Դուք ապրել եք գրքերի շնորհիվ, էմոցիաներով, որոնք միաժամանակ և՛ անծանոթ, և՛ հարազատ էին Ձեզ, իրական կյանքի իրական բաներով, ոչ թե ենթադրությունների ու սպասումների աղբով։
Դուք կբացահայտեք Ձեր մեջ թաքնված ստեղծագործական ջիղը։
Երբ Դուք Ձեզ համար թարմ նյութ քաղեք այդ բոլոր գրքերից, ինչ-որ հոյակապ բան կսկսի կատարվել։ Ձեր միտքը կարթնանա։ Ստեղծարարությունն իրականում կապեր ստեղծելու կարողությունն է։ Բոլոր այն մարդիկ, ում հնարամտությամբ մենք հիանում ենք, հենց կապեր ստեղծելով են զբաղվում։ Նրանք տիրապետում են տվյալների հսկայական բազայի և չեն մտահոգվում տեղեկություններն իրարից անջատ պահելու մասին։ Նրանք թույլ են տալիս, որպեսզի պոեզիան ծորա գիտության ասպարեզ։ Նրանք թույլ են տալիս պատմության ու հավատքին համագոյակցել։
Նրանք հասկանում են, որ կատեգորիաները կարող են միախառնվել։ Մենք սովոր ենք պիտակներ փակցնել իրերի վրա, ինչը մեզ մոտ պատրանք է ստեղծում, թե մենք պարզ հասկանում ենք, թե ինչն ինչ է, մինչդեռ իրականում այդ պատրանքը հաճախ նպաստավոր չէ մեզ համար։ Ընթերցանությունն օգնում է պատռել պիտակները, ուղեղը լցնել անսպառ աղբյուրներով և թույլ տալ բոլոր հիանալի բաներին միախառնվել և ինչ-որ նոր բան երկնել։
Ընթերցանությունը կխթանի Ձեր երևակայությունը, և Դուք այլևս չեք վախենա արտասովոր լինել։
Երբ Դուք կարդում եք ինչ-որ գիրք, որը ինչ-որ մեկի երևակայության արգասիքն է, Դուք սկսում եք ավելի շատ վստահել Ձեր սեփական երևակայությանը և ավելի հաճախ օգտագործել այն։ Հիանալի գաղափար է օգտագործել ուղեղի ողջ խելահեղ, վախեցնող ու հրաշալի ներուժը։ Ընթերցանությունը կօգնի Ձեզ այդ հարցում։ Եթե Դուք ինքներդ Ձեզ տարօրինակ եք համարում, պարզապես սկսեք ինչ-որ սյուրռեալիստական կամ գիտաֆանտաստիկ ստեղծագործություն ընթերցել, և շուտով Դուք Ձեզ ամենանորմալ մարդը կզգաք։ Դուք անշուշտ կցանկանաք ավելի շատ բան կարդալ և այդպես էլ կվարվեք։ Այդժամ Ձեր սեփական երևակայությունը կմիահյուսի Ձեր ընթերցածն իրական կյանքի հետ։ Ձեր կարդացածը կգումարվի Ձեր տեղեկությունների, փորձի ու կրթության առանձնահատուկ համադրությանը։ Ի՞նչ իմանաս, թե դա ինչի կհանգեցնի։ Իսկ մի՞թե Դուք չեք ցանկանում իմանալ։ Ուրեմն ինչո՞ւ դեռ չեք բացել գիրքը։ Շտապե՛ք։