Մինսկն ու Աստանան հրաժարվում են Եվրասիական միությունից


17:18 , 4 հոկտեմբեր, 2014

Lragir.am-ը գրում է.

Պուտինը ստորագրել է Եվրասիական միության համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Սակայն, ըստ ամենայնի, մինչեւ հոկտեմբերի 10-ը Ղազախստանը եւ Բելոռուսը չեն հասցնի վավերացնել համաձայնագրերը: Հոկտեմբերի 1-ին ղազախական խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է համաձայնագիրը, ընդ որում դրա համար Պուտինը ստիպված էր մեկնել Աստանա, իսկ Ղազախստանի սահմանին ռուսական զորքերը զորավարժություններ էին անցկացնում, Տոպոլ հրթիռների կիրառմամբ: Ստորին պալատը վավերացրեց, սակայն դեռ կա վերին պալատը, եւ օրենքն էլ դեռ պետք է ստորագրի նախագահ Նազարբաեւը:

Նախատեսվում է, որ Բելառուսը պետք է վավերացմանը ձեռնամուխ լինի հոկտեմբերի 7-ին: Բելառուս փորձագետներն ասում են, որ Մինսկը, ելնելով կանոնակարգից, պարզապես չի կարող հասցնել վավերացնել:
Բացի դրանից, երեկ ռուսական հեռուստաալիքները քննարկում էին բելոռուսական խորհրդարանի խոսնակի հայտարարությունը, ով ասել է, որ եթե Մոսկվան չլուծի «հարկային մանեւրի» հարցը, որից Բելառուսը տարեկան 1 միլիարդ դոլարի վնաս է կրում, ապա վավերացումը կհայտնվի հարցականի տակ: Եվ սա՝ չնայած նրան, որ նույն օրը Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել Բելոռուսին 10 միլիարդ դոլար վարկ տալ ատոմակայան կառուցելու համար:
Այսօր հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 9-ին Մինսկ է այցելելու Ռուսաստանի փոխվարչապետ Շուվալովը, որպեսզի բանակցություններ վարի «հարկային մանեւրի» վերաբերյալ: Արդյոք դա նշանակում է, որ հոկտեմբերի 7-ին Բելառուսի խորհրդարանը չի վավերացնելու համաձայնագիրը:
Հատկանշական է, որ հոկտեմբերի 9-ին Նազարբաեւը նախքան Մինսկի հանդիպումը մեկնելու է Բրյուսել, որտեղ մտադիր է արագացնել Եվրամիության հետ առեւտրի ու ներդրումների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Արդյոք դա նշանակում է, որ Նազարբաեւը չի ստորագրելու վավերացումը նախքան հոկտեմբերի 10-ը, առավել եւս, որ չէր կարող հանգիստ «կուլ տալ» Պուտինի հակաղազախական հայտարարությունները:
Ղազախական Ռեսպուբլիկա թերթը գրում է, որ ղազախ դիվանագետները սկսել են ակտիվ աշխատել եվրախորհրդարանի պատգամավորների հետ, որի ընթացքում բարձրացնում են Ղազախստանի ռուսալեզու մարզերի հանդեպ Ռուսաստանի պահանջների հարցը, որն ուզում է բռնակցել այդ տարածքները: Եվրոպական միությունը պետք է աջակցի Նազարբաեւին եւ արագորեն վավերացնի ԵՄ հետ համաձայնագիրը, գրում է թերթը:
Երեք երկրների նախագահների կողմից Եվրասիական միության համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր հոկտեմբերի 10-ին Մինսկում, հանդիսավոր պայմաններում: Սակայն, երեւում է, «հանդիսավոր պայմաններ» չեն լինելու: Մասնավորապես, Պուտինն արդեն շտապել է եւ նախօրոք ստորագրել: Իսկ Լուկաշենկոն ու Նազարբաեւը հնարավոր է չստորագրեն մինչեւ այդ ժամկետը: Եթե այդպես լինի, ապա Հայաստանը հոկտեմբերի 10-ին չի կարող միանալ Եվրասիական միությանը, քանի որ առանց վավերացման այդ միությունն իրավական տեսակետից գոյություն չունի:
Իհարկե, ամեն ինչ կարող է որոշվել վերջին պահին, եւ որոշակի «վճարի» դիմաց Լուկաշենկոն ու Նազարբաեւը կարող են ստորագրել համաձայնագիրը, սակայն այս ողջ պատմությունը ցույց է տալիս Եվրասիական միության ողջ թշվառությունը, որը չունի որեւէ հեռանկար: Իսկ մենք ռոմանտիկորեն ձգտում ենք այնտեղ: