«Ոչ միայն հեռացրել եմ, այլև դիմել եմ դատախազություն». ԵՊՀ ռեկտորը՝ հեռացված դասախոսի մասին


13:42 , 4 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

Օրերս համացանցում հայտնված ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Նունե Գյոկչյանի ձայնագրությունը, որում վերջինս 40.000 դրամ է պահանջում ուսանողներից՝ ամբողջ կուրսի հավելյալ պարապմունքների համար, դարձավ նրա հեռացման պատճառ:

Այսօր «Առաջին լրատվական»-ը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ էին հիմնավոր փաստերը՝ դասախոսին հեռացնելու համար:

«Իհարկե, եթե ուսանողները 15 հոգով դիմում են գրում և ստորագրում, դուք դա փաստ չե՞ք համարում: Ես լավ հասկանում եմ, որ իրավական տեսանկյունից ձայնագրությունը՝ լինի դա վիդեո, թե աուդիո ձայնագրություն, չի կարող փաստ համարվել, քանի դեռ դա չի կազմակերպվել և իրականացվել պատկան մարմինների կողմից: Ուսանողների կողմից իրականացված ձայնագրությունը չի կարող իրավական հետևանքներ ունենալ, բայց այդ դիմումը և նրանց վճռականությունը՝ շարունակել ցուցմունք տալ, խոսում է այն մասին, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել, և ես ոչ միայն նրան հեռացրել եմ աշխատանքից՝ պահպանելով իրավական բոլոր նորմերը, այլև դիմել եմ դատախազություն»,- ասաց ռեկտորը: