12:26 , 4 հոկտեմբեր, 2014
Արցախում այս պահին ապրում է շուրջ 200 սիրիահայ՝ 30-35 ընտանիք: Այս մասին Հայաստանի պետական -տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտնեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի հարցին: «Նրանք հիմնականում ապրում են Քաշաթաղի շրջանում և զբաղվում են հողագործությամբ: Մենք նրանց ապահովել ենք բնակարաններով, ստեղծել ենք պայմաններ, որ նրանք կարողանան արդյունավետ աշխատել ու ապրել»,-ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով «Արմենպրես»-ին,-նշել է Հարությունյանը:
Նա նաև ընդգծել է , որ Քաշաթաղի շրջանում կան շատ հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում, և դրանք տրամադրվել են սիրիահայերին: «Սիրահայերը շատ լավ են աշխատում, մանավանդ որ նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր Սիրիայում զբաղվել են ցորենի արտադրությամբ. նրանք հիմա իրենց փորձն օգտագործում են Արցախի գյուղատնտեսությունը զարգացնելու համար»,- պարզաբանեց վարչապետը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն սիրիահայերին, ովքեր Արցախում ապրելու ցանկություն են հայտնել՝ ընդգծելով, որ իրենք էլ պարտավորված են զգում՝ այդ մարդկանց համար ապահովելու բարենպաստ պայմաններ:
«Այս տարի հողագործության համար այքան էլ բարենպաստ չի եղել, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ չեզոքացնենք այն տնտեսական վնասները, որոնք կարող են կրել սիրիահայերը»,- հավելեց Ա. Հարությունյանը: