Մի հատ իրական բան պատմեմ այսօրվա մեր «հրաշք» պետության մասին, ու միասին ծիծաղենք


19:37 , 3 հոկտեմբեր, 2014

Մի հատ իրական բան պատմեմ այսօրվա մեր «հրաշք» պետության մասին, ու միասին ծիծաղենք: Ես վեց տարի առաջ, HSBC բանկից, հիպոտեկային վարկով բնակարան եմ գնել Երևանում և բարեխիղճ, առանց որևէ խախտումների մինչ օրս կատարում եմ իմ ամսեկան մուծումները: Քանի որ կինս քաղծառայող է և օգտվում է սոց. փաթեթից, որոշեցինք այս տարի ևս, ինչպես դա արել էինք 2012թ.-ին, սոց. փաթեթով, իր հասանելիք գումարը՝ ութսուն հազար դրամ, օգտագործել այս ամսվա հիպոտեկային վարկի մարման համար: Օրենքով դա թույլատրվում է: Սոց. փաթեթի գումարը սպասարկում է Արարատ բանկը, և որպեսզի սոց. փաթեթով, կնոջս հասանելիք գումարը Արարտ բանկը փոխանցի HSBC բանկին, որպես իմ հիպոտեկի մայր գումարի մարում, ես պետք է HSBC-ից տեղեկանք ներկայացնեմ Արարատ բանկին, Ազգային հիպոտեկային ընկերության վերաֆինանսավորվող հիպոտեկային վարկերի ընդհանուր պայմանÕ �երի համապատասխանության վերաբերյալ: Ուրեմն այսօր առավոտյան դիմել եմ HSBC բանկի Երևան քաղաքի բաժանմունքներից մեկին, որ ստանամ անհրաժեշտ տեղեկանքը, և ո՜վ զարմանք, ի՞նչ պարզվի , որ լավ լինի: Բանից պարզվում է, որ այդ ոչ բարով Ազգային հիպոտեկային ընկերությունը անցած տարի վերանայել է իր վերաֆինանսավորվող հիպոտեկային վարկերի ընդհանուր պայմանների համապատասխանության պայմանները: Եվ ես այդ նոր պայմանների համաձայն, որպեսզի HSBC-ից կարողանամ ինձ անհրաժետ տեղեկանքը ներկայացնել Արարտ բանկին, պետք է 180000 դրամ արժողությամբ կյանքի ապահովագրություն անեմ և 35000 դրամ ձեռք բերված գույքի տարեկան ապահովագրություն: Այսինքն Արարտ բանկից, կամ ավելի շուտ, այդ չարաբաստիկ սոց. փաթեթ կոչվածից, 80000 դրամ գումար իմ հիպոտեկի մարման նպատակով օգտագործելու համար, ես պետք է գումարային 215000 դրամ մուծում կատարեմ, որ կարողանամ այդ 80000 դրամը օգտագործել ըստ նպատակի: Դե հիմա դուք ասեք, պարոնայք բանկիրներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլք, սա ի՞նչ է, եթե ո՛չ աբսուրդի թատրոն: Ու՞մն եք ձեռք առնում ձեր ապուշ և անհեթեթ օրենքներով: Այլապես սա մի բան է նշանակում, որ այս համակարգում մեկը մյուսից անտեղյակ է և թքած ունի իր հաճախորդի շահերի վրա: Համամիտ եմ Ձեզ հետ, սիրելի ընթերցող, պատմածս մի քիչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: