Կոմիտասը` համաշխարհային էկրանին


13:42 , 30 սեպտեմբեր, 2014

timthumbNyut.am-ը գրում է․

«Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:

Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:

- Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:

- Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի:

- Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին:

- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը: Աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ