Շատացել են բարի խորհուրդներով ապազգային վարչախմբին ուղղություն տալ փորձողները


18:31 , 4 սեպտեմբեր, 2012

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատության մեջ հայտնվելուն հաջորդած ժամանակահատվածում մտածող հայ մարդկանց շրջանում աննախադեպ կերպով շատացել են այնպիսիք, որոնք մոռանալով գործող վարչախմբի ապազգային էությունն ու հանցավոր բնույթը, իրար հերթ չտալով փորձում են բարի խորհուրդներով ուղղություն տալ նրա պարագլուխներին` հույս փայփայելով, որ վերջապես սրանք կուղղվեն և կիրականացնեն հայության շահերից բխող ճիշտ արտաքին քաղաքականություն: Վիրավորական լինելու աստիճան զարմանալի է այս մարդկանց նման վարքագիծը: Չէ որ նրանց աչքի առաջ են կատարվել և կատարվում են մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ իշխող վարչախմբի բոլոր հանցագործությունները, երկրի նյութական, բնական ու մարդկային ռեսուրսների գիշատչաբար շահագործումն ու սպառումը: Ընդ որում` ոչ մեկի համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ վարչախումբը գործում է պարզունակ, սակայն լավ մշակված ու նպատակասլաց կերպով իրականացվող ռազմավարության հիման վրա, որի գլխավոր նպատակը հանուն անձնական ու կլանային շահերի բավարարման հնարավորինս երկար ժամանակ իշխանության լծակներին տիրելն է: Տրամաբանորեն հարց է առաջանում. արդյոք նրանք չեն գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքականությունը, այդ թվում` արտաքին հարցերում, ռազմավարության իրականացման գործիք է, պայմանավորված է նրանով և ծառայում է նրա նպատակին: ՈՒստի շատ ավելի օգտակար ու ճիշտ կլիներ, որ այդ մարդիկ այսքանից հետո առհասարակ չզբաղվեին հրապարակային գործունեությամբ, որովհետև նման գործելակերպով միայն ու միայն նպաստում են մեր ժողովրդի մոլորեցմանը, որը հանցավոր վարչախմբի ռազմավարության կարևոր բաղադրիչն է: