Հայաստանում ընդդիմություն եզրույթը չի ընկալվում հստակ սահմանումով


19:01 , 28 սեպտեմբեր, 2014

Հայաստանում ընդդիմություն եզրույթը չի ընկալվում հստակ սահմանումով։ Եվ չհասկացվածությունը հնարավարություն է տալիս ներկայիս իշխանությանը, իշխանամեդ գործիչներին և կազմակերպություններին մանևրել՝ լղոզելով ընդդիմության դերը քաղաքական կյանքում։

Տեսաբաններն այն սահմանում են հետևյալ կերպ՝ քաղաքական ընդդիմությունը բաղկացած է մեկ կամ մի քանի քաղաքական կուսակցություններից կամ այլ կազմակերպված խմբերից, որոնք ընդդիմանում են կառավարությանը (իշխանություն) կամ կառավարության կարծիքին։

Այսինքն, առաջին հերթին պետք է հասկանալ, որ ընդդիմությունը կարող է միատարր չլինել։ Օրինակ, Հայաստանում գոյություն ունեն գրանցված գրեթե 80 կուսակցույթուններ, որոնցից ոչ բոլորն են գործում, իսկ գործող կուսակցություններից ոչ բոլորն են հանդես գալիս մեկ տանիքի տակ։

Երկրորդ հերթին հասկանալ, որ ընդդիմադիր ուժերը պետք է ունենան իրենց գաղափարախոսությունները, իրենց ծրագրերը կազմեն դրանց հիման վրա և իրականացնեն իրենց ծրագրերը՝ համապատասխան դավանած արժեքների և սկզբունքների։