Եկեղեցի-բանակ պատմական համագործակցությունը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը


18:34 , 4 սեպտեմբեր, 2012

Չնայած այն փաստին, որ արդի աշխարհում ռազմական ուժի հզորությունը սերտորեն պայմանավորված է գերժամանակակից ու կատարելագործված զինտեխնիկայի ու սպառազինության հագեցվածությամբ, այդուհանդերծ մարդկային գործոնը` հոգևոր, հոգեբանական և բարոյական դրսևորումներով, շարունակում է չկորցնել իր առանցքային նշանակությունը: Եվ դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ այսօր էլ աշխարհի քրիստոնյա շատ երկրներում գործում է բանակային հոգևորականների` կապելլանների ինստիտուտը: Անգամ ոչ քրիստոնյա որոշ պետությունների բանակներում լայն գործունեություն են ծավալում տվյալ երկրի պաշտոնական կրոնի գործիչները (մասնավորապես, Իսրայելի բանակում կրոնավորների դերակատարությունն ամենաբարձր մակարդակի վրա է դրված): Բացառություն չէ նաև հայկական բանակը, որտեղ 1997թ.ից` արդեն ուղիղ 15 տարի, պետականորեն հաստատված ծրագրով հոգևոր սպասավորություն են իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները:
Հայ Առաքելական Եկեղեցին հընթացս պատմության միշտ էլ կանգնած է եղել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հայորդիների կողքին, խոսքով ու գործով ոգեշնչել և ցուցաբերել հոգևոր ու նյութական աջակցություն, պետականության կորստի պայմաններում ստանձնել առաջնորդի դեր և հաճախ ազգային-ազատագրական պայքարի գլուխ կանգնել: Հայոց Եկեղեցու Հայրապետները և հոգևորականները վճռական ճակատամարտերից առաջ օրհնել են հայոց զորքերը, հաճախ ներկա գտնվել կամ նույնիսկ մասնակցել մարտական գործողություններին, հայ ժողովրդին տարատեսակ օտար լծերից ազատագրելու դիվանագիտական և զինյալ պայքար մղել (բավական է թերևս հիշել միայն Ներսես Մեծ Պարթև, Հովսեփ Հողոցմեցի, Հովհան Մանդակունի, Հակոբ Ջուղայեցի, Եսայի Հասան-Ջալալյան, Ներսես Աշտարակեցի, Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսների անունները):
Դեռևս 338թ., երբ երկիր ներխուժած թշնամիների դեմ պայքարում զոհվեցին հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանն ու նրա զինակիցները, Վրթանես կաթողիկոսը կանոններ սահմանեց, համաձայն որոնց սուրբ նահատակներ հռչակվեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիները (տես Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, (թարգմանությունը և ծանոթագրությունները` Ստ. Մալխասյանցի): Ե., 1987, էջ 46-47): Իսկ արդեն 451թ. Հայ Եկեղեցու հոգևորականաց դասը դարձավ Վարդանանց սրբազան պատերազմի ոգին ու ՙվասն հավատո և վասն հայրենյաց՚ զինվորագրված ողջ հայ ժողովրդի հետ դուրս եկավ Ավարայր` հայ զինվորի ու զորավարի հետ կողք-կողքի մարտնչելով ընդդեմ թշնամու: Ուշագրավ է այն միտքը, որ Ավարայրի ճակատամարտի նախօրեին հայոց զորքին ուղղված իր ոգեշնչող խոսքում արտահայտում է առայսօր ռազմիկ հոգևորականի խորհրդանշական կերպար դարձած Ղևոնդ Երեցը. ՙԴուք բոլորդ գիտեք, որ առաջվա ժամանակները, երբ դուք պատերազմ էիք գնում, թեպետև սովորություն ունեիք քահանաներին միշտ բանակում պահել, բայց ճակատամարտի ժամանակ ձեզ հանձնելով նրանց աղոթքին, որևէ ամուր տեղ էիք թողում նրանց. իսկ այսօր եպիսկոպոսները և երեցներն ու սարկավագները, սաղմոսերգուներն ու գրակարդացները, ամեն մեկը սահմանված կանոնով իբրև սպառազինված և պատերազմի պատրաստված` կամենում են ձեզ հետ միասին հարձակվել ու ջարդել ճշմարտության թշնամիներին՚ (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, (թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները` Ե. Տեր-Մինասյանի): Երևան, 1971, էջ 109): Այս ոգին և մղումը ուղենիշ եղավ հայ հոգևորականությանը դարերի ընթացքում մինչ այսօր: Դրա ակնառու օրինակներից է ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի կենաց-մահու օրհասական պայքարում 1918թ. մայիսյան հերոսամարտերին հայ հոգևորականության ամենաանմիջական մասնակցությունն ու հաղթանակների կերտմանը բերած հսկայական ավանդը: Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի տնօրինությամբ Հայ Եկեղեցին ոչ միայն նյութական հսկայական աջակցություն էր ցուցաբերում նորակազմ հայոց բանակին, այլև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանները, անգամ բարձրաստիճան հոգևորականներ (Գարեգին, Զավեն, Մեսրոպ, Մատթեոս եպիսկոպոսներ, Կորյուն, Խորեն, Արսեն, Գյուտ, Արիստակես վարդապետներ և ուրիշ շատեր), կամավոր մեկնեցին ռազմաճակատ` ոգևորելու հայ մարտիկներին, և նրանց հետ կողք-կողքի իրենք էլ մասնակցեցին Սարդարապատի և մյուս ճակատամարտերին (տես Ս. Աֆանասյան, Սարդարապատի հաղթանակը. Հայաստան, մայիս, 1918: Ե., 1985, էջ 41: Հ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը: Ե., 1965, 129-130 էջ: Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, Գիրք Ե, Մայր աթոռ Ս. Էջմիածինը Առաջին հանրապետության տարիներին (1918-1920թթ.), (կազմող` Ս. Բեհբության): Երևան, 1999թ., էջ 5, 15-16):
Հայ Եկեղեցին իր նշանակալից դերակատարությունն ունեցավ նաև արցախյան ազատամարտի տարիներին: Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի տնօրինությամբ վերաբացված Արցախի թեմի հոգևորականները (Վրթանես վարդապետ Աբրահամյան, Գրիգոր քահանա Մարկոսյան, Հովհաննես քահանա Հովհաննիսյան, Կորյուն քահանա Կարապետյան և այլք)` թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ, առաջին իսկ օրերից աջակից և զինակից եղան հայ ազատամարտիկներին` ընդհուպ մինչև անմիջական մասնակցություն պաշտպանական և ազատագրական մարտերին: Պատերազմում հոգևորականությունը նույնպես ունեցավ անդառնալի կորուստներ. զոհվեցին Վահան վարդապետ Դավթյանը, Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը և Արմեն դպիր Թովմասյանը (առավել մանրամասն տես Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Մ. Ա. Հարությունյան, Արցախի թեմը և Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտությունը, ՙՀայկական բանակ՚, Ե., 2001, 1-2 (27-28), էջ 84-88):
Նորագույն շրջանի հայկական զինուժը, ծնունդ առնելով արցախյան գոյամարտում և կամավորական ջոկատներից վերածվելով կանոնավոր բանակի, փառահեղ հաղթանակ տարավ և արժանիորեն վաստակեց փորձագետների կողմից քանիցս հնչած ՙտարածաշրջանի ամենամարտունակ բանակ՚ գնահատականը: Պատերազմից հետո էլ բանակաշինության ընթացքը չդադարեց, այլ զարգացող մեծ թափով սկսվեցին աշխատանքներ տարվել մարտունակության և կարգապահության բարձրացման, բարոյահոգեբանական վիճակի կայունացման ուղղությամբ: Եվ այստեղ էլ մեծ անելիք ուներ Հայ Առաքելական Եկեղեցին: Այդ իրողության քաջ գիտակցությամբ 1997թ. նոյեմբերի 13-ին լուսահոգի Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ հիմք դրվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը: ԶՈՒ հոգևոր սպասավորների գործունեությունը կանոնակարգելու և վերահսկելու նպատակով նշանակվեց ծառայության պատասխանատու` Վրթանես վարդապետ Աբրահամյանը (1999թ. դեկտեմբերին նրան փոխարինեց Արշեն աբեղա Սանոսյանը, ում էլ հաջորդեց Նորայր աբեղա Սիմոնյանը: Իսկ 2007թ. հոկտեմբերից ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնը կրկին ստանձնեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը):
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության ստեղծումից հետո առաջին ամենաանհրաժեշտ քայլերից մեկը ծառայության գործունեության կանոնադրության և ծրագրերի ստեղծումն էր: Իհարկե, պատմության ընթացքում Եկեղեցու և բանակի հարաբերությունների կարգավորմանն ուղղված գրություններ եղել են` առավելապես զինվորականությանն ուղղված խրատական բնույթի (տես օրինակ` Ս. Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, ՙԳանձասար՚ հանդես, 1991, էջ 114-116): Կանոնակարգային տեսակետից մեծագույն նշանակություն ունեցող փաստաթուղթը 1918թ. Երևանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի կազմած ՙՀրահանգ զինվորական քահանաների համար՚ նախագիծն էր, որը նա նամակով ներակայացրել էր Գևորգ Ե կաթողիկոսին` նշելով, որ հայկական գնդերի քահանաները դիմում են իրեն` խնդրելով հրահանգներ տարբեր հարցերի շուրջ: 10 կետից բաղկացած նախագիծը հրահանգում էր, որ զինվորական քահանաները օրվա որոշակի ժամերի պարտավոր են լինել իրենց գնդի հետ, ազատ ժամերին դասախոսել Ս. Գրքից և ազգային-եկեղեցական ավանդությունից, վառ պահել զինվորների մեջ պարտքի գիտակցությունն ու սերը ազգի և ազգային սրբությունների հանդեպ, սովորեցնել ՙՀայր մեր՚ աղոթքը և երգել տալ օրը երեք անգամ, տոն և կիրակի օրերին զինվորներին տանել եկեղեցի, մշտապես լինել հոգևորականի սքեմով ու առանց զենքի և այլն (տես Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, Գիրք Ե, Մայր աթոռ Ս. Էջմիածինը Առաջին հանրապետության տարիներին (1918-1920թթ.), (կազմող` Ս. Բեհբության): Երևան, 1999թ., էջ 73-73):
Սակայն ոչ առկա պատմական վավերագրերը, ոչ էլ արտասահմանյան երկրների փորձը բավարար չեղան, և երկու տարվա աշխատանքներից հետո կազմվեց Հոգևոր ծառայության կանոնադրություն, որով հստակեցվեց ու կանոնակարգվեց բանակում հոգևորականի գործունեության դաշտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Կանոնադրությունը 2000թ. սեպտեմբերի 14-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ստորագրվեց և հաստատվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից` դառնալով ԱՊՀ երկրներում իր տեսակի մեջ առաջին պաշտոնական վավերաթուղթը (տես Արշեն աբեղա Սանոսյան, Բանակային քահանաների հաստատությունը ՀՀ Զինված ուժերում, ՙՀայկական բանակ՚, Ե., 2001, 1-2 (27-28), էջ 100): Հավելենք, որ հոգևորականի ներկայությունը բանակում վավերացվեց նաև 2007թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՙՀայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին՚ օրենքով:
Համաձայն ընդունված կանոնադրության` հոգևոր ծառայության ղեկավարումն իրականացվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակված հոգևոր առաջնորդի կողմից` ըստ պաշտպանության նախարարի ԱՀՏԱ գծով տեղակալի հանձարարականների: Հոգևոր սպասավորները նշանակվում են ԶՈՒ հոգևոր առաջնորդի ներկայացմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ ՊՆ ԱՀՏԱ գծով տեղակալի հրամանով: Բանակային կորպուսներում և զորամասերում հոգևոր սպասավորները գործում են հոգևոր առաջնորդի և պաշտպանության նախարարի տեղակալի համատեղ հաստատած ծրագրերով, իսկ ընթացիկ և կազմակերպական հարցերում առաջնորդվում են տվյալ կորպուսի կամ զորամասի հրամանատարի հրամաններով` համագործակցելով ԱՀՏԱ գծով տեղակալների հետ:
Հոգևոր ծառայության նպատակներն ու խնդիրներն են` ԶՈՒ անձնակազմին հաղորդակից դարձնել Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատի սկզբունքներին` Հայաստանյայց Եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների և ավանդույթների համաձայն, դաստիարակել քրիստոնեական-բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով, ուսուցանել կրոնական, եկեղեցագիտական, ծիսական գիտելիքներ, պայքարել աղանդավորական և այլ վնասակար ուսմունքների դեմ: Հոգևոր սպասավորներն ազատված են շարային ծառայությունից և իրենց գործունեությունն իրականացնում են հոգևորականի զգեստով:
Իր 15-ամյա գոյության ընթացքում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը բավականին նշանակալի ուղի է անցել` աստճանաբար զարգանացնելով իր փորձառությունը և մեծացնելով արդյունավետությունը: 1997թ. բանակում սպասավորելու մեկնեցին 8 հոգևորականներ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում 50-ը: Չնայած հոգևոր սպասավորության շրջանը պայմանականորեն երկու տարի է, շատ հոգևորականներ ինքնակամ երկարաձգում են իրենց ծառայության ժամկետը, իսկ չորս քահանա և երկու սարկավագ նշանակված են մշտական հիմունքներով:
Հոգևոր սպասավորներն իրենց առաքելությունն են իրականացնում ռազմաուսումնական հաստատություններում, ՀՀ և Արցախի բանակային կորպուսներում, դիվիզիաներում և զորամասերում, որտեղ նրանք քարոզ-դասախոսություններ են կարդում, անհատական զրույցներ անցկացնում զինծառայողների հետ, կատարում հոգևոր արարողություններ, կազմակերպում ուխտագնացություններ և զինվորներին տանում մոտակա եկեղեցիներն ու սրբավայրերը, կազմակերպում հանդիսություններ և հոգևոր, հայրենասիրական կամ գիտական բովանդակության ֆիլմերի դիտումներ, այցելում բուժկետեր, հոսպիտալներ և պատժախցեր, տարածում կրոնական և հայրենասիրական բնույթի գրականություն և այլն: 2010 թ. Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հրատարակեց զինծառայողների համար նախատեսված Նոր Կտակարաններ (ներառյալ Սաղմոսաց գիրքը), և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի ձեռամբ բաժանվեց ՀՀ և Արցախի մարտական հերթապահություն իրականացնող գրեթե բոլոր զորամասերի զինծառայողներին:
Այս տարիների ընթացքում որոշ զորամասերում կառուցվել են մատուռներ, իսկ մոտ ապագայում գրեթե բոլոր զորամասերը կունենան իրենց եկեղեցիները, որոնց նախագիծն արդեն հաստատված է:
Բանակի հոգևոր ծառայությունը սերտորեն համագործակցում է քրիստոնեական մի շարք երկրների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և այլոց համանման ծրագրերի հետ: Փորձի և տեղեկատվության փոխանակման, արդյունավետ համագործակցության նպատակներով բազմիցս ամենաբարձր մակարդակներով եղել են փոխադարձ այցելություններ, համատեղ մասնակցություններ միջազգային համաժողովների և գիտաժողովների, դասախոսություններ և համատեղ քննարկումներ:
2010 թ. հունվարի 6-ի` Սուրբ Ծննդյան տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց Ս. Պատարագ, որի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց արարողություն, և Խաչի քավոր դառնալու պատիվը ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարի առաջարկությամբ և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանը Ջրօրհնյաց Ս. Խաչով օրհնեց մեր հայրենիքի սահմանները և սահմանապահ զորամասերում կատարեց Ջրօրհնեքի արարողություններ:
2011թ. սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված զորահանդեսին, տեղի ունեցավ աննախադեպ երևույթ` ԶՈՒ հոգևոր սպասավորներն ու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններն առանձին շարասյունով մասնակցեցին զինվորական շքերթին: Հոգևորականների` առանձին խմբով մասնակցությունը զինվորական շքերթին բացառիկ երևույթ էր ոչ միայն հայոց բանակի համար, այլև ամբողջ աշխարհի, քանի որ առաջին անգամ էր կատարվում նման ձևով մասնակցություն: Հոգևորականները շքերթին մասնակցեցին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության մարտական դրոշով, որի վրա ասեղնագործված էր. ՙՕրհնեալ է մեր ուղին, զի Աստուած ընդ մեզ է՚: Դրոշի օրհնությունը կատարվել էր Մայր Տաճարում` Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ, այն նույն կանոնով, որով 1827թ. օրհնվել էր հայ կամավորական ջոկատների դրոշը (տես Հեղինե Մկրտչյան, Օտարահունչ կապելլանը հայոց բանակում կոչվում է հոգևոր սպասավոր: Ե., 2012թ., 4 (283)): Զորահանդեսից հետո Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հոկտեմբերի 12-ին շքերթին մասնակից հոգևորականներն այցելեցին Եղեգնաձորի Ս. Զորաց, Ս. Խաչ և Թանահատի վանքեր: Ս. Զորաց վանքում շքերթին մասնակից հոգևորականները պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով:
2012թ. հունվարի 29-ին հայոց բանակի վերակազմավորման 20-ամյակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով Աշոտ Բ Երկաթ թագավորի խաչը (ՙՍուրբ Նշան՚) հայտարարվեց հայոց բանակի պահապան ու հովանավոր: Սրբագործ Խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում ամփոփված է Քրիստոսի Խաչափայտի մի մասունք, օծվեց ու հանձնվեց ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը: Այնուհետև ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանը նախաձեռնեց այցելություն ՀՀ և Արցախի մարտական դիրքեր` Խաչի կենարար նշանով օրհնելու մեր երկրի սահմանները և գոտեպնդելու զինվորյալ հայորդիներին: Իսկ արդեն մայիսի 9-ին հայոց բանակի պահապան Խաչն Արցախում էր, և մայիսյան եռատոնի առիթով Ստեփանակերտում կազմակերպված զորահանդեսի ժամանակ հանդիսավոր կերպով անց կացվեց զորքերի առջևով: Այժմ Ս. Խաչը պահվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Հայ ժողովրդի պատմության դառը դասերը վկայում են, որ մեր ժողովրդի լավագույն դաշնակիցը հայոց բանակն է: Եվ նույն այդ պատմությունը փաստում է նաև, որ մեր բանակի լավագույն դաշնակիցը Հայ Առաքելական Եկեղեցին է: Եկեղեցին և բանակը մեր իրականության մեջ երկու կայացած կառույցներ են` անհամատեղելիության չափ իրարից տարբեր թվացող, բայց անհամեմատելիորեն իրար նման: Եվ մեր այս երկու կայացած կառույցների ամենասերտ համագործակցությունը լավագույն երաշխիքներն է ստեղծում հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր անվտանգության պահպանման համար և ապահովում նրա ընթացքը դեպի համամարդկային պատմության ապագան:

Գարիկ սարկավագ Ասրյան
Արցախի ՊԲ հոգևոր սպասավոր