22:29 , 27 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը Tert.am-ին տված հարցազրույցում իր մտահոգությունները հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շուրջ, ինչպես նաև ներկայացրեց այսօրվա իրավիճակը եգիպտահայ համայնքում: «Վերջին երեք տարիների ընթացքում Եգիպտոսի մեջ տեղի ունեցած երկու հեղափոխությունները, իրենց թողած հետևանքներով, զգալի ազդեցություն են ունեցել երկրի ընդհանուր վիճակի վրա, որից անմասն չի մնացել նաև հայությունը»,- ասաց սրբազանը: Իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին նկատեց. «Մեր գլխավոր աշխատանքը, որ ծրագրել ենք, եգիպտացի ոչ հայ հասարակությանը Ցեղասպանության մասին տեղեկություններ փոխանցելն է: Այդ առումով մի քանի գիտաժողովներ են կազմակերպվել»։
-Սրբազա´ն, Եգիպտոսում ծավալած Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ խնդիրներ եք ունեցել և ի՞նչ խնդիրներ կան այսօր, որոնք Ձեզ ամենաշատն են մտահոգում:
-Անկեղծորեն, շուրջ 12-ամյա ծառայությանս ընթացքում չեմ հանդիպել դժվար կամ մտահոգություն պատճառող խնդրի։ Սակայն, ինչպես սփյուռքի մեր բոլոր համայնքների, այնպես էլ Եգիպտոսի համար միակ մտահոգությունը ազգային ինքնության պահպանության հարցն է, որը բոլոր ժամանակներում եղել է հիմնական մտահոգություն։ Մյուս կողմից, սակայն, լինելով ամենահին և ավանդական սփյուռքահայ համայնքներից մեկը, ժամանակին այստեղ արմատական լուծումներ են տվել այս հիմնախնդրին. համայնքը լավ կազմակերպված է և ունի հոգևոր, կրթական, մշակութային, մարզական և բարեսիրական գործող հաստատություններ, որոնք սերունդներ են կրթել և դաստիարակել` պահպանելով ազգային դիմագիծը, լեզուն, հավատքը։ Այսօր էլ գործում են նշածս բոլոր հաստատությունները։ Նշեմ, որ նման ազգային հաստատություններ հիմնելը շատ դժվար է, սակայն այսօրվա պայմաններից ելնելով կարելի է ասել, որ դրանք գործուն վիճակի մեջ պահելը և պահպանելն ավելի դժվար է։
-Վերջին տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ է կրել եգիպտահայ համայնքը:
-Վերջին երեք տարիների ընթացքում Եգիպտոսի մեջ տեղի ունեցած երկու հեղափոխությունները, իրենց թողած հետևանքներով, զգալի ազդեցություն են ունեցել երկրի ընդհանուր վիճակի վրա, որից անմասն չի մնացել նաև հայությունը։ Նկատի չունեմ, որ մեր հանդեպ առանձնակի վերաբերմունք է ցուցաբերվել` լավ կամ վատ, պարզապես լինելով եգիպտացի ժողովրդի անբաժանելի մի մասնիկը, հայությունը ևս ապրել ու ապրում է բոլոր այն մտահոգություններով, որոնք իրենց առօրյա կյանքի ակամա փոփոխությունների պատճառ են դառնում` անորոշության մեջ թողնելով վաղվա օրը։
Ընդհանուր առմամբ, փառք Աստծո, անցումային այս շրջանում բարեհաջող շարունակում ենք մեր ազգային կյանքը` թե՛ մեզ փոխանցվածը պահպանելով և թե՛ նորը կերտելով։
-Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու դերը նրանց կյանքում:
-Եգիպտոսի մեր համայնքը համարվում է կրոնական համայնք` Հայ առաքելական եկեղեցու անդամների միություն, որը պաշտոնապես ճանաչված է պետության կողմից։ Այս առումով վայելում ենք Կառավարության հոգածությունը և նրանց անմիջական պաշտպանության տակ ենք։ Այնպես որ, եկեղեցու հետ նրանց կապը անքակտելի է։ Տեղին է նշել, որ եգիպտահայ համայնքը, ինչպես վերը նշեցի, ավանդական համայնք է, և եկեղեցու հետ իրենց կապը դարերի խորքից է գալիս, և այսօր էլ զգալի և տեսանելի է այդ կապը։
-Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչ պետք է անել Ցեղասպանության ճանաչման և հատուցման ուղղությամբ, որը չի արվում:
-Կարելի է ասել հնարավոր բոլոր միջոցները ի գործ են դրված կամ փորձում են անել. թող բոլորն էլ մասնակցեն մեզ համար կարևոր այս խնդրի լուծման աշխատանքներին, սակայն, կարծում եմ՝ համատեղել է պետք այդ աշխատանքները։ Մեր ազգի համար կարևորագույն խնդիրների շուրջ ցուցաբերված անհատական, հատվածային և խմբակային մոտեցումները միշտ էլ հանգեցրել են դժբախտությունների, ազգային դժբախտությունների։
Մեր բոլոր հաղթանակները մեր միասնականության մեջ են, և ոչ միայն, այլև ազգային վեհ գաղափարների շուրջ, ընդհանրական նպատակների շուրջ։ Այլապես պատմությունը պիտի կրկնվի ու արդյունքում պիտի ունենանք անապահով հայրենիք և մասնատված ու ձուլման վտանգի առաջ գտնվող սփյուռք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ