Առևտրականների բողոքն առաջացրած օրենքի նախագիծը նախապես չի ուղարկվել Օմբուդսմենի կարծիքին


18:02 , 27 սեպտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն այսօր սեպտեմբերի 27-ին, Օմբուդսմենի գրասենյակում ընդունել է մի խումբ առևտրականների: Առևտրականներն իրենց դժգոհությունն են հայտնել «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել Պաշտպանին:

Չնայած փոփոխության արդյունքում հարկի նվազեցմանը առևտրականները բողոքել են, որ գույքի փաստաթղթավորման պահանջը իրատեսական չէ այսօրվա շուկայի պայմաններում, քանի որ կարող է հանգեցնել կամ ապրանքների գնաճի, կամ բազմաթիվ փոքր ձեռնարկատերերի սնանկացման: Միաժամանակ տարբեր ոլորտների առևտրականները հայտնել են, որ հարկի կիրառումը միատեսակ չի ազդի տարբեր ապրանքների շուկաների աշխատողների վրա հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, օրինակ ոսկերչություն, հագուստ, շինանյութ, կենցաղային իրեր և այլն: Ուստի, անհրաժեշտ է մշակել բոլորի համար փոխզիջումային հարկման տարբերակ:

Պաշտպանի տեղակալը հայտնել է, որ խնդիրն Օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է, և ՄԻՊ-ը ստիպված միայն հիմա զբաղվել այդ հարցով, քանի որ նախագիծը նախապես չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի ի խախտումն Նախագահի 2007թ. թիվ 174-Ն հրամանագրի, համաձայն որի «Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի»:

«Այժմ Պաշտպանի հանձնարարությամբ հրատապ քայլեր են ձեռնարկվում բոլոր կողմերի փոխըմբռնման միջոցով խնդրին լուծումներ գտնելու նպատակով: Այս ուղղությամբ կշարունակենք աշխատանքը ձեզ հետ, իսկ առաջիկա օրերին կներկայացնենք մեր դիրքորոշումը և առաջարկները»,-առևտրականների հետ հանդիպման ժամանակ նշել է Տաթևիկ Խաչատրյանը: