Գաղափար, որ կարող է փոխել կյանքը և ի վերջո` աշխարհը. մեկնարկել է TEDxYerevan-ը


17:06 , 27 սեպտեմբեր, 2014

Գաղափար, որ կարող է փոխել կյանքը և ի վերջո` աշխարհը. մեկնարկել է TEDxYerevan-ըArmnewsTV.am-ը գրում է.

TEDx-ն աշխարհում եւ TEDxYerevan-ն Հայաստանում 5-րդ տարին է, ինչ մարդկանց ներկայացնում են հաջողության պատմություններ ու փորձ, միեւնույն ժամանակ համախմբում համախոհներին ու առաջ մղում նոր գաղափարներ: Այս տարի TEDxYerevan-ի ամենաարտառոց հյուրը Թուր կուլ տվողների միջազգային ասոցիացիայի տնօրեն Դեն Մեյերն է` իր թրով ու սրով: Դեն Մեյերը TEDxYerevan-ում ներկայացնելու է փոքր հաղթանակներով հաջողության հասնելու ու վախը հաղթահարելու մեթոդները: Ասոցիացիայի նախագահը մի օր հայտնաբերեց, որ աշխարհում մնացել է ընդամենը 10 թուր կուլ տվող, եւ որոշեց ինքն էլ փորձել` հաղթահարելով վախերը եւ ժամանակի ընթացքում գերազանցեց նախկիններին ու նույնիսկ ինքն իրեն: TEDxYerevan-ի հաջորդ նորարարության հեղինակը հայտնի «Բաբիռ» խմբի Արիկն է` Արիկ Գրիգորյանը, որի մշակած մեթոդի համաձայն` բոլոր մարդիկ կարող են երգել ու նվագել` նույնիսկ նրանք, որոնք չունեն երաժշտական լսողություն: «Թումո»-ում մեկ ու կես տարի էքսպերիմենտը տվեց իր արդյունքը` երաժշտական լսողություն ունեցողներն ու չունեցողները երգում ու նվագում են գրեթե միանման: Մանկավարժական կրթություն ունեցող Արիկ Գրիգորյանը պնդում է, որ աշխարհի բոլոր մարդիկ ունեն երաժշտական լսողություն, ոմանց մոտ բաց է, ոմանց մոտ փակ: Իր գործն էլ հենց դա է` բացել բոլորի լսողությունը: Մեթոդի որոշ բաղադրիչներ վերցրել է Կոմիտաս վարդապետից, մնացածն էլ դասավանդելու ընթացքում սեփական փորձով է մշակել: Հայկական արմատներին TEDxYerevan-ի զեկուցողները միայն երաժշտությամբ չէ, որ անդրադառնում են: Լոս Անջելեսից հրավիրված ճարտարապետ եւ դիզայներ Վասկեն Բրուտյանն իր աշակերտների հետ միասին հայկական նախշերով ու մանրանկարչության դետալներով ստեղծել է կաշվե իրերից մինչեւ նախշազարդ շոկոլադ ու նույնիսկ օճառ: Եվ սա ամենը չէ: TEDxYerevan 2014-ին հրավիրված նորարար գաղափարակիրները 10-ն են, որոնք ելույթ կունենան 300 հոգանոց լսարանի առջեւ: TEDx-ը տեղական ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն աշխատում է 25 տարի առաջ սկիզբ առած TED ծրագրի կոնֆերանսներից ձեւավորված ուղղություններով:

Տեսանյութը՝ այստեղ