Թուրքերն անգամ իրենց լեզվով են հայերին պարտական. անհերքելի փաստեր ժամանակակից թուրքերենի ծագման մասին


14:13 , 27 սեպտեմբեր, 2014

Օսմանյան կայսրությունից անցումը Թուրքիայի Հանրապետության տեղի ունեցավ Անատոլիայի ու Փոքր Ասիայի արյունահեղության ու պատերազմի, ինչպես նաև հեղափոխության համատեքստում, հեղափոխություն բառիս ամենալայն իմաստով՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային հեղափոխություն, որի խթան հանդիսացավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների ծրագիրը։ Նոր Թուրքիայի կայացմանը նպաստած կարևորագույն գործոններից մեկը նոր լեզուն էր։ Հին լեզուն՝ օսմանյան թուրքերենը, պարսկական ու արաբական ծագում ուներ։ Այդ լեզուն կրում էր կայսրության բազմալեզու բնակիչների լեզուների ազդեցությունը։ Այդ բնակիչների թվում կային հայախոսներ, հունախոսներ և այլն։  Ամեն ինչ փոխվեց 1920-ականներին։ Լեզվական բարեփոխումները մինչ օրս էլ շարունակվում են։

Բարեփոխումների շրջանակներում փոխվեց թուրքերենի այբուբենը։ Օսմանյան թուրքերենի այբուբենն արաբերենի այբուբենի փոփոխված տարբերակն էր, իսկ 1920 թ.-ից հետո թուրքերենի այբուբենը դարձավ լատինական այբուբենի փոփոխված տարբերակը։ Փոփոխությունն այնքան կտրուկ էր, որ անգամ ամենագրագետ ժամանակակից թուրքը չի կարող կարդալ օսմանյան թուրքերենի տառերը, հասկանալ բազում բառեր ու որոշ քերականական ձևեր։

Ովքե՞ր էին այն մարդիկ, ովքեր խթանեցին այս լեզվական բարեփոխումները։ Ո՞վ օգնեց վերաձևավորել լեզվական համակարգը, որով մի ողջ ազգ պետք է հաղորդակցվեր։ Ոչ այլ ոք, քան հայազգի Հակոբ Մարթայանը։ Հակոբ Մարթայանը հայտնի թուրքագետ էր, ով  ծնունդով ստամբուլցի էր։ Նա եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: Մարթայանը տիրապետում էր հայերենին, թուրքերենին, հունարենին, լատիներենին, անգլերենին, ռուսերենին և այլն։ Առաջին աշխարհամարտի տարիներին նա կռվել է Կովկասյան ճակատում և գրավել է Քեմալի ուշադրությունը։ Մարթայանը հետագայում իր ավանդն ունեցավ Թուրքական հանրագիտարանի զարգացման գործում՝ հանդես գալով նախ որպես հանրագիտարանի տեխնիկական խորհրդատու, ապա խմբագիր։

Մարթայանը նշանակալի վաստակ ունի նաև հայագիտության զարգացման գործում։ Մինչև 1932 թվականը Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, զբաղեցրել է Բեյրութի առաջին հայկական վարժարանի տնօրենի պաշտոնը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը։ 1922 թ.-ին հրատարակվել են նրա «Առաջին Փորձություն» պիեսը և Լ. Շանթի «Հին ասավածներ»-ի անգլերեն թարգմանությունը։

1934 թ., երբ ընդունվեց Ազգանունների մասին օրենքը, Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրությունների մեջ ունեցած նշանակալի ավանդի համար Մարթայանին շնորհեց «Դիլաչար» ազգանունը, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «լեզվի բանալի» (բառացի՝ «լեզու բացող»)։ Դիլաչար ազգանունը օգնեց Հակոբ Մարթայանին թաքցնել իր հայկական արմատները։ Մարթայանը կյանքը նվիրեց թուրքերենի զարգացմանը, սակայն նա միաժամանակ աշխատություններ էր հրատարակում հայերենով։ Նա մահացել է 1979 թ.-ին։ Մարթայանը միակ Հակոբը չէ, ով զգալի ավանդ է ունեցել Թուրքիայի զարգացման գործում։ Թուրքիայի կարևորագույն ազգային խորհրդանիշներից մեկը ևս Հակոբ անունով հայի կողմից է ստեղծվել։ Մուստաֆա Քեմալը Աթաթուրք հռչակվելուց հետո նոր ստորագրության կարիք ուներ։ Այդ ստորագրությունը հետագայում ազգային խորհրդանիշ դարձավ, որը նույնքան հայտնի է, որքան ազգային դրոշը և ժամանակակից Թուրքիայի հիմնադրի նկարները։ Այս բաները ցուցադրված են երկրի բոլոր ծակուծուկերում։

Քչերին է հայտնի, որ Քեմալ Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայ է եղել։ Խոսքը վերաբերում է Հակոբ Չերչիյանին։ Չերչիյանը ուսուցիչ էր աշխատում Ռոբերտ քոլեջում։ Ի դեպ, Հակոբ Մարթայանը հենց այս քոլեջի սանն է եղել։ Չերչիյանը Ամերիկայում հատուկ ձեռագրաբանական մեթոդ (պալմերյան մեթոդ) էր ուսումնասիրել։ Նրա նախկին սաները մեծացել ու պաշտոններ էին զբաղեցրել և հանդիսանում էին Քեմալ Աթաթուրքի ենթակաները։ Նրանք դիմեցին Չերչիյանին, որպեսզի վերջինս Աթաթուրքի համար պաշտոնական ստորագրություն ստեղծի։ Չերչիյանը մեկ օրում մշակեց պահանջվող ստորագրությունը։ Տարիներ անց Չերչիյանի որդին հարցազրույցի ընթացքում կիսվել է իր հուշերով.

<<Հայրս Ռոբերտ քոլեջում մաթեմատիկայի և գեղագրության ուսուցիչ էր: Օրերից մի օր մեր դուռը ծեծեցին: Դուռը մայրս բացեց: Հայրս ամբողջ գիշեր աշխատել էր ստորագրությունն ստեղծելու ուղղությամբ: Մոտավորապես երկու ժամ հետևել էի, թե հայրս ինչպես է ստեղծում ստորագրությունը, սակայն չէի դիմացել և քնել էի: 13 տարեկան էի այդ ժամանակ: Երբ պաշտոնյաները ներս մտան, ես անմիջապես հեռացա սենյակից: Պաշտոնյաները վերցրին հորս պատրաստած ստորագրությունների նմուշները և հեռացան: Ավելի ուշ իմացանք, որ Քեմալը գոհ է մնացել. նա նույնիսկ հորս շնորհակալագիր հանձնեց>>: 

Այսպիսով, թուրքերն անգամ իրենց լեզվական համակարգի ու ազգային խորհրդանիշ հանդիսացող ստորագրության համար հայերին են պարտական։