Չեխիան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կասի իր խոսքը. ՀՀ պատվիրակությունը վերադարձել է Պրահայից


13:03 , 27 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չեխիա բավական արդյունավետ էր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավարԷդուարդ Շարմազանովը, ով ընդգծեց, թե ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր հարցերը բարձրացվել և ընթացք են ստացել. Հայոց ցեղասպանության ճանաչում, արցախյան հարցի հայանպաստ լուծում, այլատյացության դեմ պայքար:

Շարմազանովը նշեց, որ իրենք բոլոր պաշտոնական հանդիպումներին բարձրացրել են օրեր առաջ պայթեցված Սուրբ նահատակաց եկեղեցու հարցը, որից անմիջապես հետո եղել է Չեխիայի հոգևոր առաջնորդի դատապարտումը, նաև այդ բարբարոսությունը խստագույնս դատապարտել են Սենատի գործընկերները:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, Շարմազանովը նշեց, որ Չեխիայում այս հարցը գրեթե տաբու է եղել, մինչդեռ դեսպան Տիգրան Սեյրանյանի և պատվիրակության աշխատանքի արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ Սենատում բազմաթիվ գործընկերներ պատրաստ են հարցը բարձրացնել պատգամավորների պալատում:

«Նրանցից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել հանդես գալ Չեխիայի պառլամենտում և կարծում եմ 2015-ին որևէ կերպ կքննարկվի Հայոց ցեղասպանության խնդիրը»,- ասաց նա: Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 23-24-ը նախատեսված «Ընդդեմ Ցեղասպանության» միջազգային համաժողովին չեխ գործընկերներին հրավիրել են Երևան, ովքեր նշել են, որ համաժողովին մասնակցելուց զատ նաև կայցելեն հուշահամալիր:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, ապա բոլոր ատյաններում հայ գործընկների հետ չեխ պաշտոնյաները համաձայնվել են, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղ կարգավորումն է՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ