10:04 , 27 սեպտեմբեր, 2014
ԵՏՄ-ի պայմանագրի մաքսային արտոնյալ դրույքաչափերի մասին հավելվածը բավական ոգևորիչ էր, բայց ընդամենը մի քանի ժամով: Միայն 2 կարևոր ապրանքախմբերի համար համեմատություններ անելուց հետո պարզ է դառնում, որ ԵՏՄ-ում «ուրախ-անհոգ» ապրելու ենք մինչև 2018-19 թվերը: Հենց սկզբից զգուշացնեմ, որ գոնե մսամթերքի ու պարարտանյութերի գները (մնացածները դեռ չեմ ուսումնասիրել) բարձրանալու են ու բարձրանալու են զգալի տոկոսներով: Ուրեմն…
Պարզ հաշվարկ N1. Ներկայումս Հայաստանում մսի ու մսամթերքի ներմուծման համար մաքսատուրքը սահմանված է 10%: Հայաստանցիներս նախորդ տարի` 2013-ին ներմուծել ենք 88,7 մլն դոլարի միս ու մսամթերք, որի մեջ Ռուսաստանից և Բելառուսիայից ներմուծված մսամթերքի մասնաբաժինը միասին չի հասնում 0,1%-ի (Ղազախստանից ընդհանրապես չենք ներմուծում): Սա նշանակում է, որ ԵՏՄ-ի կազմում ևս Հայաստանը ստիպված է լինելու մսամթերքը ներմուծել երրորդ երկրներից: Սակայն այս մասով մեզ բաժին հասած «արտոնություններն» այնքան էլ հուսադրող չեն: Այսպես. խոշոր եղջերավորների մսի պարագայում արտոնություններ կան միայն անոսկոր մսի և տավարի մսեղիքի (туша) ներմուծման համար, սակայն այն էլ 4 տարի հետո սկսելու է աճել ու հասնելու է 50%-ի: Մնացած բոլոր տեսակների ներմուծման դրույքաչափերը աճելու են անմիջապես ԵՏՄ-ին անդամակցելուց հետո և դառնալու են 15%:
Առավել խնդրահարույց է թվում թռչնի մսամթերքի ներմուծման հարցը, քանի որ ներմուծման ընդհանուր դրույքաչափն աճելու է անմիջապես անդամակցությունից հետո և կազմելու է 25%: Իսկ արտոնությունները, որոնք տրամադրվելու են միմիայն համապատասխան կառույցներից ներմուծման լիցենզիա չունեցող ներմուծողներին, սահմանափակվելու են ընդամենը 2 տարի հետո, և 2022-ին այդ ներմուծողները ստիպված կլինեն վճարել 80% մաքսատուրք (!):
Իհարկե ԵՏՄ-ն մեզ արտոնություններ խոստանում է իր պայմանագրով, սակայն որպեսզի խուսափենք «շռայլ արտոնությունների» թվային մանիպուլյացիաներից, ամրագրենք, որ այդ արտոնությունները (մսամթերքի ներմուծման մասով) վերաբերելու են այն տնտեսվարողներին, որոնք ՄՄ մտնելուց հետո ստանալու են ներմուծման լիցենզիա: Թե ինչի է բերում հասարակ մթերքի ներմուծման լիցենզիայի տրամադրումը մեզ նման փոքր երկրի համար` մեզ, իհարկե, ծանոթ է:
Պարզ հաշվարկ N2. Անցնենք պարարտանյութերին: Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 24,6 մլն դոլարի պարարտանյութ, որից Ռուսաստանի մասնաբաժինը չի գերազանցել 0,5%-ը (Բելառուսից ու Ղազախստանից կրկին ոչինչ չենք ներմուծել): Սա ևս նշանակում է, որ ԵՏՄ մտնելուց հետո ստիպված ենք լինելու շարունակել ներմուծել մեր ավանդական գործընկերներից, քանի որ մեր ԵՏՄ-ում արտադրողներ չկան: Այժմ Հայաստանում պարարտանյութերի ներմուծման տոկոսադրույքը 0% է: Անցումային դրույթները մեզ խոստանում են, որ 3 տարում մաքսատուրքը չի բարձրանա, սակայն դրանից հետո այն կաճի ու 2021-ին կհասնի 8,3%-ի: Կհամարձակվի՞ պետությունը ֆինանսավորել գյուղատնտեսությանը, թե ոչ` դժվար է ասել, սակայն որ դրանց գները կբարձրանան` արդեն տեսանելի է:
Ինչևէ, եթե կլինեն համարձակներ ու կփորձեն պնդել ու երաշխավորել, որ ԵՏՄ երկրներին այս 3-4 տարիների ընթացքում կհաջողվի հիմնել նշված ապրանքներին փոխարինող արտադրություն, ես միայն ուրախանալ կարելի է: Սակայն, ցավոք, անցած 24 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ գազով ու նավթով կառուցած պետությունների մոտ միայն սպառելն է հաջող ստացվում: