«Հայկական ժամանակ». iPhone 6-ը պաշտոնապես Հայաստան կհասնի մինչև տարեվերջ


08:57 , 27 սեպտեմբեր, 2014

«Apple ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունում՝ iStore-ում, մեր թղթակցին ասել են, որ իրենք առայժմ չեն ներկրել ընկերության նորագույն արտադրանքը՝ iPhone 6 և iPhone 6+ սմարթֆոնները, և դրանք Հայաստան կհասնեն մինչև տարեվերջ:

Չնայած սրան, երևանյան մի քանի ինտերնետային խանութներում և վաճառքի կետերում iPhone 6 վաճառվում է:

Նոր սմարթֆոնների մեծ ընտրություն կա, օրինակ, Երևանի Սարյան փողոցի փոստատան առաջին հարկում գտնվող բջջային հեռախոսների կրպակներում: Կրպակների սեփականատերերը մեր զրույցում հպարտանում էին՝ ասելով, որ միայն իրենք են նոր սերնդի սմարթֆոն վաճառում:

Կրպակներից մեկում հեռախոսը վաճառվում էր 1300 դոլարով, իսկ մյուսում՝ 1400-ով: Սարյանի վաճառակետերում հավաստիացնում էին, սակայն, որ առայժմ ոչ մի iPhone 6չեն վաճառել»,-գրում է թերթը: