11:06 , 26 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Թուրքիայի պահվածքը և քաղաքականությունը դարձրին հրամայական, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե թուրքական կողմը «գրողի ծոցը վավերացնի» հայ-թուրքական արձանագրությունները: Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՝ Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Թուրքիան այսքան տարիների ընթացքում որևէ քայլ չի կատարել հարաբերություններն ինչ-որ ձևով կարգավորելու ուղղությամբ: Նա ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, չի ճանաչում, այլ ամեն ձևով պայքարում է Ցեղասպանության ճանաչման դեմ: Սա դիտվում է որպես Ցեղասպանության շարունակություն»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Նախագահն իր ելույթում ասել էր, թե՝ «պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղը՝ Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիան շատ ապակառուցողական քաղաքականություն է վարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ փորձելով փոխկապակցել այդ հարցը Ցեղասպանության հետ, որոնք բոլորովին տարբեր հարթությունում են:
«Երբ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարում է, որ Թուրքիան երկու կարևորագույն հարց ունի՝ մեկը հայկական հարցն է, մյուսը՝ Կիպրոսը, էլ ի՞նչ պետք է ակնկալել այս իրավիճակում: Այնպես որ, ուղղակի հրամայական է դառնում այդ արձանագրությունների վերանայման հարցը»,- նկատեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը:
Անդրադառնալով Նախագահի ելույթի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի և այդ հակամարտության կարգավորմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների հատվածին՝ Դավիթ Բաբայանն ասաց, թե իրենք ևս բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանը դարձել է ֆաշիստական պետություն, որտեղ քարոզվում է հայատյացությունը, նացիզմը, և ընդհանրապես, այդ պետությունը մեծ վտանգ է ներկայացնում ցանկացած նորմալ, քաղաքակիրթ երկրի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ