Սկսել են ճնշումներ գործադրվել այն անձանց վրա, ովքեր դուրս են եկել պայքարի իրենց իրավունքների համար


19:12 , 25 սեպտեմբեր, 2014

Արդեն օրեր շարունակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները թողել են իրենց օրվա ապրուստն ապահովող կրպակներն ու խանութները և արդարացիորեն բողոքում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ, որով առանց այդ էլ դժվարությամբ աշխատող մարդիկ բախվում են բյուրոկրատական քաշքշուկների հետ: Սրան զուգահեռ սկսել են ճնշումներ գործադրվել այն անձանց վրա, ովքեր դուրս են եկել պայքարի իրենց իրավունքների համար, որի ամենավառ ապացույցը Ոսկու աշխարհ կոչվող շուկայի սեփականատիրոջ մասնակցությամբ տեսանյութն է, երբ վարձակալների նկատմամբ, ովքեր բացի վարձակալությունից ոչ մի այլ պարտավորություն կամ կախվածություն չունեն տնօրինությունից, կիրառվում է բացահայտ ճնշում, վնասվում է նրանց գույքն ու սեփականություն հանդիսացող ապրանքը, և այս ամենը լրագրողների ներկայությամբ ու տեսախզիկների առաջ: Սա հերթական ապացույցն է, որ իշխանությունները կամ չեն կարողանում վերահսկել իրավիճակը, որ քաղաքացին իրեն ապահով չի զգում նույնիսկ իր սեփական տանջանքով աշխատելիս, այլապես այս ամենը ուղորդվում է հենց իշխանությՆ կողմից, ինչը ամենամեծ և աններելի սխալն է սեփական ժողովրդի հանդեպ: Սրանով ցանկանում են կոտրել ժողովրդի հավատը լավ ապագայի նկատմամբ, փոքր և միջին բիզնեսին վնասելով ուզում են վերջնականապես կոտրել տնտեսության ողնաշարը, իսկ ես չեմ հավատում, որ իշխանությունները սա չեն գիտակցում: Այս անգամ դժգոհության ալիքը հենց իշխանության մեղքով օրեցօր ահագնանում է, ինչը կարճ ժամանակում տալու է իր արդյունքը, քանի որ ժողովուրդը միասնական է, իսկ նրանց պահանջը՝ արդարացի: