15:30 , 25 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը երրորդն էր այդ ամբիոնից, և թե՛ ձևակերպումների, թե՛ քաղաքական գնահատականների առումներով այս ելույթը տարբերվեց նախորդներից։
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին նման ելույթը հարկավոր էր ու սպասված։ Ավելին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 70-րդ նստաշրջանը կլինի Ցեղասպանության տարելիցից հետո, ուստի, ժամանակային առումով, այս ելույթում Ցեղասպանությանն առնչվող թե՛ դրույթները, թե՛ շեշտադրումները տեղին էին ու կարևոր»,-նշեց նա և անդրադարձավ ելույթի՝ Թուրքիային առնչվող հատվածին։
«Թուրքիայի հետ հարաբերությունների պարագայում ևս հնչեցին նախկինից էապես տարբերվող գնահատականներ։ Իհարկե, շատերը կկենտրոնանան «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտության վրա ու կփորձեն կամ գերագնահատել, կամ շահարկել այն։ Իրականում, եթե վերջին ելույթը փորձենք համեմատել նախորդ երկու ելույթների հետ, ապա հասկանալի կդառնա, որ գործ ունենք փոփոխվող գնահատականների հետ։ Եթե 2008թ․ ելույթը լավատեսական էր, իսկ 2011թ․՝ սպասողական, ապա 2014թ․ելույթը պարունակում էր քննադատություն, որը թեև նորություն չէր մեզ համար, սակայն այդ ամբիոնից նախագահի մակարդակով դեռ չէր հնչել։ Ցեղասպանության նախօրեին Հայաստանը պետք է փոխի իր հռետորաբանությունը, որը պետք է արվի ոչ թե նրա համար, որ 100-ամյակի տրամաբանությունն է ենթադրում, այլ որովհետև միջազգային հանրության մոտ առկա է նման պահանջարկ։ Հարկավոր է ի ցույց դնել մեր քաղաքական ու հասարակական մտքի հասունությունը։ Իհարկե, ասածս չի ենթադրում, որ կարող ենք սահմանափակվել ելույթներով ու հայտարարություններով, հարկավոր է գործով ապացուցել այդ ամենը»,-նշեց նա։
Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանից արձանագրությունների հետ կանչման հնարավորության մասին Նախագահի հայտարարությունը հարկավոր է դիտել որպես վերջնաժամկետ, որն ուղղված էր առաջին հերթին Թուրքիայի իշխանություններին։
«Անշուշտ, այդ հասցեատերերի շարքին պետք է դասել նաև բոլոր միջնորդներին՝ այդ թվում ԱՄՆ-ի իշխանություններին։ Երկու շաբաթից կլրանա այդ արձանագրությունների ստորագրման 6-րդ տարին, և ՀՀ իշխանությունները պարտավորված են զգում քայլ կատարել։ Եթե Թուրքիայի կողմից որևէ էական քայլ չկատարվի, ապա Հայաստանը պետք է մի քանի իրարահաջորդ քայլեր կատարի՝ ղեկավարվելով Պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ․ կոնվենցիայի 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով։ Նախ, պետք է Հայաստան հրավիրի 2009 թ․հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա գտնվող երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին ու համատեղ հայտարարություն ընդունի արձանագրությունների հետ կանչման մասին, որին պետք է հետևի միջազգային իրավական ատյաններում Թուրքիայի իշխանությունների դեմ համապատասխան գործընթացի մեկնարկը»,-նշեց նա։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը համոզված է՝ ժամանակային և բովանդակային առումով Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային հնչեցված «կոշտ» հայտարարությունները՝ մասնավորպես հայ-թուրքական արձանագրություններից հետ կանգնելու մասով, ճշգրիտ էին և տեղին։
«Թերևս ճիշտ էր Սերժ Սարգսյանի այն կոշտ հայտարարությունը, որ Հայաստանն առուծախի մեջ չի մտնի հայ-թուրքական սահմանի համար և դրա դիմաց չի պատրաստվում ամենևին բավարարել Թուրքիայի պահանջները, ինչով, կարծում եմ, հարված է հասցրել թուրք-ադրբեջանական տանդեմին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ամառային արկածախնդրությունից հետո էլ Ալիևի հույսը մնացել է այն, որ Թուրքիան որպես մեծ եղբայր կօգտագործի Հայաստանի այս բարդ աշխարհաքաղաքական կացությունը և ճնշումներով կպարտադրի նրան բավարարել Ադրբեջանի շահը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ