20 տարի անց կգտնվի ծերացումը կանգնեցնող միջոց. գիտնականներ


16:54 , 22 սեպտեմբեր, 2014

uzn_13793454451in.am-ը գրում է․

Ցողունային բջիջների ուսումնասիրության ոլորտում առաջընթացը հույս է տալիս, որ 20 տարի անց գիտությունը կկարողանա «անջատել» կանանց դաշտանադադարը, կանգնեցնել ծերացման գործընթացը կամ ընդհանրապես այն հակառակ դարձնել: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ այսպես է կարծում հայտնի գերոնտոլոգ (ծերաբան) Օբրի դե Գրեյը:

Գիտնականը խոչընդոտ չի տեսնում այն բանի համար, որ ապագայում կանանց վերարտադրողական շրջանն ավելի երկար տևի: Նրա խոսքով՝ «ձվարանները պարզապես օրգաններից մեկն են»:

«Մենք կկարողանանք երիտասարդացնել ձվարանը՝ այն խթանելով կամ ցողունային բջիջներով լրացնելով, կկարողանանք հյուսվածքների ինժեներության միջոցով բոլորովին նոր ձվարան ստանալ, ինչպես արհեստական սրտի դեպքում…»,- վստահեցրել է դե Գրեյը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր գիտնականը՝ ինքը խոչընդոտ չի տեսնում, որ մարդը կարողանա ապրել մինչև հազար տարի:

Այն, որ բժիշկները շուտով կկարողանան լուծել վաղ դաշտանադադարի խնդիրը, հաստատել է նաև Էդինբուրգի համալսարանի կենսաբան Էվելին Թելֆերը:

Երիտասարդ աղջիկների, որոնք ստիպված են քաղցկեղի դեմ բուժվել, ձվարանների սաղմնային ֆոլիկուլների առանձնացումը նրանց հույս է տալիս, որ երբևէ կկարողանան մայրանալ: Ձվարանների ցողունային բջիջները տեսականորեն ձվաբջիջների անսպառ աղբյուր են: