Խաչիկ Ասրյանն արդեն մարզպե՞տ է


22:46 , 19 սեպտեմբեր, 2014

 Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը մի հետաքրքիր հրապարակում էր ներկայացրել, որում խոսվում էր այն մասին, թե «Հայոց արծիվներ» հասարակական-հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը վճռական տրամադրություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Սյունիք և այստեղ նրան հանձնել կազմակերպության բարձրագույն պարգրևը՝ «Հայոց արծիվ» մեդալը: Ինքը, Խաչիկ Ասրյանն, այս առթիվ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, թե դեռ տեղի չունեցածը չի մեկնաբանում… Այս հրապարակումը գրավեց մեր ուշադրությունը: Գրավեց, որովհետև այն ավարտվում էր Պուտինին Սյունիք հրավիրելու մասին տեղեկատվությամբ: Ինչու՞ Սյունիք: Մի՞թե Խաչիկ Ասրյանը, եթե այդպես լրջորեն է տրամադրված Ռուսաստանի նախագահին պարգևատրելու հարցում, չի կարող մեկնել Մոսկվա և այնտեղ հանձնել պարգևը, կամ էլ այդ պարգևը չի կարող հանձնել Երևանում՝ Պուտինի որևէ այցի ժամանակ… Կարող է, իհարկե, մանավանդ Խաչիկ Ասրյանին ճանաչում են ռուսական շրջանակները, բազմիցս ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ներկա գտնվելով «Հայոց արծիվների» բազմամարդ միջոցառումներին, իր գոհունակությունն է հայտնել, տեղեկացրել, որ Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակներ հետաքրքրված են Խաչիկ Ասրյանի գործունեությամբ: Հետևաբար, հենց այդ շրջանակներն էլ ճանապարհ կբացեին Ասրյանի համար դեպի Պուտինի աշխատասենյակ: Սակայն խնդիրը Սյունիքում մեդալը հանձնելու մեջ է: Այո, Խաչիկ Ասրյանը սյունեցի է, այստեղ է ձևավորել «Սյունյաց արծիվներ» կազմակերպությունը, սակայն ինչու՞ պիտի Խաչիկ Ասրյանը Պուտինին հրավիրի Սյունիք, եթե մարզպետ լինի Սուրիկ Խաչատրյանը կամ մեկ ուրիշը: Սյունիք կարող է հրավիրել աշխարհի գերտերությունների ղեկավարներից մեկին միայն Սյունիքի մարզպետը… Հրապարակման մեջ Պուտին-Ասրյան յուրատեսակ համակցումը չենք ուզում համարել լրագրողական երևակայության արգասիք: Լրագրության մեջ ոչինչ պատահական չի լինում, ոչ մի զուգահեռ հենց այնպես չի ձևավորվում: Այս դեպքում՝ նույնպես, քանզի լրագրողը կհասկանար ձեռնարկի լրջությունն ու երբևէ ծաղրի կամ հեգնանքի առարկա չէր դարձնի Պուտինին և Խաչիկ Ասրյանի նախաձեռնությունը: Հրապարակումն աչքի է ընկնում լրջությամբ, երբեմն պատահող հեգնանքի բացակայությամբ: Հաճախ են մեր լրագրողները հեգնել Խաչիկ Ասրյանին: Իսկ այս դեպքում տիրապետողը գերագույն լրջությունն է… Ուրեմն, ինչ-որ բան այստեղ բխում է օբյեկտիվ իրականությունից: Իսկ ո՞րն է այդ օբյեկտիվ իրականությունը: Ռուսաստանը Հայաստանում այսօր առաջնորդներ և հենարաններ է փնտրում, որովհետև նախկին բոլոր հենարանները հօդս ցնդեցին, շատ առաջնորդներ Ռուսաստանի սրտով չեղան: Գիտենք, որ տևական ժամանակ Հայաստանում Ռուսաստանի հենարանի կարգավիճակին էին ձգտում Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը: Ռոբերտ Քոչարյան-Վլադիմիր Պուտին երևութական ալյանսը վաղուց գոյություն չունի: Ավելին, Ռուսաստանն այսօր չի կամենում ի դեմս Քոչարյանի տեսնել իր գործընկերոջը: Գագիկ Ծառուկյանը ևս ,,չհամապատասխանեց,, այն չափանիշներին, որոնք իր համար ուրվագծել էր Ռուսաստանը: Բացառվում է նաև Սերժ Սարգսյանը, որն ամբողջապես սերտակցված լինելով օլիգարխիային և լինելով անկանխատեսելի իր քաղաքական որոշումների մեջ՝ կարող էր ցանկացած պահի փոխել իր մոտեցումներն ու մտադրությունները: Մինչդեռ Ռուսաստանին պետք է մեկը, որն աչքի է ընկնում իր կայուն հայացքներով և մոտեցումներով: Խաչիկ Ասրյանը ռուսամետ չէ, ազգայնական է, որի համար գլխավորը պետականությունն է, հայոց պետականությունը: Նման գործիչները հուսալի են, որովհետև նրանք շահագրգռված են ազգային պետության հզորացմամբ՝ մշտապես ձգտելով իրենց շուրջ ձևավորել կայուն բարեկամություն: Ռուսաստանին այսօր խիստ անհրաժեշտ է հենց նման գործիչը, որովհետև ԵՏՄ ստեղծումից հետո կարող են տեղի ունենալ անկանխատեսելի գործընթացներ, Ռուսաստանը կարող է այդ միության մեջ մենակ մնալ: Այսօր Ռուսաստանը դուրս է մղվում նաև տարածաշրջանից և մասնավորաբար ղարաբաղյան կարգավորումից, քանզի ԱՄՆ-ը վերջին շրջանում ամեն ինչ անում է, որպեսզի կարգավորման գործընթացում լինի առաջատարը, շահի Ղարաբաղի վստահությունը: Ռուսաստանը ֆիասկո է ապրել, ռուսաստանյան ծրագրերը տապալվել են: Հիմա Ռուսաստանը պետք է ձգտի ոչ թե ադրբեջանական շահերի սպասարկմանը, այլ սիրաշահի Հայաստանին ու Ղարաբաղին՝ նվազեցնելու համար ամերիկյան գործոնը: Այդ ջանքերը կարող է գնահատել միայն ազգային պետության հավատավորը: Ուրեմն, չի բացառվում, որ Հայաստանում առաջնորդներ որոնելիս՝ Ռուսաստանը կանգ առած լինի Խաչիկ Ասրյանի թեկնածության վրա: Բայց նորից հարցնենք, ի՞նչ կապ ունի Սյունիքը: Պարզվում է, Սյունիքը կարող է դառնալ լակմուսի թուղթ ռուսական ներկայության ճանապարհին: Սյունիքն այսօր Հայաստանի արդյունաբերության հզոր կենտրոններից է, որը, սակայն, բաժանված է Կանադայի, Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների միջև: Սյունիքը սահմանակից է Իրանին և Ադրբեջանին: Կնշանակի, կրկնակի մեծանում է նրա արժեքը: Եվ հենց Սյունիքում պետք է լինի մի մարզպետ, ըստ Ռուսաստանի, որը կարողանա սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և նպաստել Ռուսաստանի ներկայության ընդլայնմանը: Ահա ինչու, մեր կարծիքով, Պուտինին մեդալ տալու վայր է հիշատակվում Սյունիքը: Եվ՝ Խաչիկ Ասրյանի ձեռքով: Այսինքն, Սյունիքի մարզպետի ձեռքով: Այսքանից հետո կարելի է հարցնել. Խաչիկ Ասրյանը գուցե արդեն Սյունիքի մարզպե՞տն է, գուցե երկրի իշխանական վերնախավը կայացրե՞լ է նման որոշում՝ սպասելով հարմար առիթի՝ Խաչիկ Ասրյանին պաշտոնապես մարզպետ հռչակելու համար: Նաև իրեն այդ մասին տեղեկացնելու, քանզի Ասրյանը մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց, որ իր հետ ոչ ոք չի քննարկել մարզպետական հեռանկարի հարցը… Լևոն Մութաֆյան