18:58 , 19 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին սաստկացած զինված բախումների կապակցությամբ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար եւ անտեսում են մարդասիրական իրավունքի նորմերը:
Տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Վերջին ամիսների լարված իրավիճակում տեղի են ունեցել Մարդու իրավունքների եւ Միջազգային մարդասիրական իրավունքի՝ Ժնեւյան համաձայնագրերում եւ դրանց Լրացուցիչ արձանագրություններում ամրագրված նորմերի կոպիտ խախտումներ, որոնք համապատասխանում են Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պատերազմական հանցագործություններին:
Այդ խախտումների գագաթնակետը եղավ 2014թ. օգոստոսի 7-ին չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմի տիրապետության տակ հայտնված ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների դրսեւորած անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող դաժան վարվելակերպը: Գերեվարվելուց հետո մեկ օրվա ընթացքում, կասկածելի հանգամանքներում Պետրոսյանը մահացել է: ժնեւյան 4-րդ համաձայնագրի 35-րդ եւ 36-րդ հոդվածների համաձայն՝ Կարեն Պետրոսյանը, որպես քաղաքացիական անձ, իրավունք ուներ անարգելք հայրենադարձվել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը նրան հայտարարել էր դիվերսանտ, թեեւ միջազգային իրավունքով անգամ դիվերսանտները մարդասիրական վերաբերմունքի եւ արդարացի դատավարության իրավունք ունեն: Պետրոսյանի դին ցայսօր չի հանձնվել նրա ընտանիքին:
Նկարագրված միջադեպը դիտարկելով որպես հայ-ադրբեջանական հակամարտության հերթական ողբերգական դրսեւորում եւ գիտակցելով հետագա պատերազմական գործողությունների սպառնալիքը, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝
Կոչ է անում կողմերին՝
• Բանակցությունների միջոցով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը՝ հիմք ընդունելով կառուցողական համագործակցության, հանդուրժողականության, փախվստահության եւ փոխըմբռնման եվրոպական սկզբունքները: Որպես խաղաղարար գործընթացի կարեւորագույն փուլ՝ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը եւ պայմանները։
• Մինչեւ այդ՝ իրենց հրամանատարության ներքո գործող զինված ուժերին խստորեն արգելել քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների, բնակելի տների գնդակոծումները, շփման գծից երկուստեք հետ քաշել դիպուկահարներին, ինչպես նաեւ դադարեցնել սահմանամերձ գոտիներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչության նկատմամբ բոլոր ոտնձգությունները:
Հորդորում է՝
• Ձեռնարկել քայլեր, որոնցով հնարավորություն կստեղծվի դիմել Փաստերի հաստատման միջազգային հանձնաժողովին՝ անաչառ կերպով պարզելու պատերազմական հանցագործությունների փաստերը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել՝ ըստ միջազգային քրեական օրենսդրության։
• Որպես փոխվստահության հասնելու կարեւոր միջոցի՝ նպաստել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների երկխոսությանը: Դադարեցնել այն անձանց եւ կազմակերպությունների հետապնդումերը, որոնք պատրաստակամ են՝ համագործակցել եւ հիմքերը գտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
• Ադրբեջանի Հանրապետությանը՝ ստորագրել եւ վավերացնել Ժնեւյան համաձայնագրերի Լրացուցիչ 1-ին եւ 2-րդ արձանագրությունները, ինչպես նաեւ Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:
• Հայաստանի Հանրապետությանը՝ վավերացնել Հռոմի միջազգային քրեական դատարանի՝ 1999թ. հոկտեմբերի 10-ին ստորագրած կանոնադրությունը»: