Վրաստանում կալանվել է Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ողջ ունեցվածքը


16:36 , 19 սեպտեմբեր, 2014

saak21in.am-ը գրում է․

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ունեցվածքի վրա կալանք է դրվել՝ հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը: Կալանվել է նաև Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի անունով բնակարանը, Կվարելիում նախկին նախագահի բնակարանը և Սաակաշվիլիի ու Սանդրա Ռուլովսի անունով գրանցված ամբողջ շարժական ու անշարժ գույքը:

Սաակաշվիլիի փաստաբան Օտար Կախիձեն հրապարակել է Վրաստանի նախկին նախագահի և նրա ընտանիքի կալանված ունեցվածքի ամբողջ ցուցակը: Նրա տվյալներով՝ կալանվել է նրա տատիկի՝ Մզիա Ծերեթելիի 500 քմ հողատարածքը և նրա 10 տարվա Toyota RAV4 ավտոմեքենան, Սաակաշվիլի մոր 0.2-հեկտարանոց հողատարածքը՝ Կվարելիում, Թբիլիսիում նախկին նախագահի կնոջ՝ Սանդրա Ռուլովսի անունով բնակարանն ու ձեղնահարկը, նրա տատիկի կառուցվող տունը, 17-տարվա Honda Accord ավտոմեքենան:

Կախիձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը «միանգամայն անհիմն է». «Դատարանը համարում է, որ կա կալանք դնելու և միջնորդությունը բավարարելու ինչպես հիմք, այնպես էլ նպատակ»: Փաստաբանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ ասել է նպատակ և ինչ իրավական հիմնավորումներով է կալանվել ունեցվածքը:

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանությունը մտադիր է այդ առիթով դիմել Սահմանադրական դատարան: