Հանրահավաքը 5 օրով հետաձգելու առաջարկ չի եղել. Նաիրա Զոհրաբյան


11:42 , 19 սեպտեմբեր, 2014

Panorama.am-ը գրում է․

«Մենք չէինք կարող համաձայնվել կամ չհամաձայնվել չարված առաջարկի հետ: Հանրահավաքը 5 օրով` մինչև հոկտեմբերի 15-ը, հետաձգելու առաջարկ չի եղել»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արված հայտարարությունը, թե «Դաշնակցությունը» քառյակի նիստում առաջարկել էր հինգ օր հետաձգել հանրահավաքը, սակայն քառյակի մյուս ուժերը չեն համաձայնել և ինչ պատճառով չեն համաձայնվել ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի կողմից եղել է առաջարկ հետաձգել հանրահավաքը այնքան ժամանակ, մինչև իշխանությունները կպատասխանեն` ընդունո՞ւմ են Դաշնակցության առաջարկած փոփոխությունների փաթեթը, թե ոչ: Իսկ այդ ժամանակը, նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը, կարող էր ձգվել, օրինակ, մինչև Սահմանադրական հանրաքվեի անցկացումից մեկ կամ երկու ամիս առաջ:

«Ուստի կրկնում եմ` առաջարկ ՀՅԴ-ի կողմից ընդամենը հինգ օրով, այն է` մինչև հոկտեմբերի 15-ը հետաձգել համատեղ հանրահավաքը չի եղել: Քառյակի մնացած քաղաքական ուժերը չէին կարող համաձայնել կամ չհամաձայնել չարված առաջարկին: Ավելին` ես կարծում եմ, որ իշխանությունը հենց այդպես էլ կվարվի և հոկտեմբերի 15-ին, կոնկրետ 18.00-ին կամ 21.00-ին չի պատասխանի` ընդունում է ՀՅԴ-ի առաջարկները թե ոչ»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի այս որոշմանը հատկապես իշխանական ճամբարից հետևած արձագանքներին, մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի Panorama.am-ին տված հարցազրույցում հնչած մտքերին,  Ն. Զոհրաբյանն ասաց, որ քաղաքական որևէ ուժի սկզբունքայնությունը կասկածի տակ առնելու խնդիր չունի. «Բայց իշխանական գովերգողներին խորհուրդ կտամ մեկ անգամ ևս քննարկել իրենց իսկ սկզբունքայնությունը: Եվ եթե փորձեմ թվարկել, թե ընդամենը 1.5 տարի առաջ իշխանական կուսակցության քաղաքական իդեոլոգները, թիվ մեկ դեմքերը ինչպիսի հայտարարություններ, ինչպիսի բացասական գնահատականներ էին տալիս կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մոդելին, ապա դա առնվազն ժամեր կտևի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ