19:42 , 18 սեպտեմբեր, 2014
ArmnewsTV.am-ը գրում է․
Վերահսկիչ պալատի նախագահը բացատրում է` դպրոցաշինության ծրագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2006-2013թթ-ին 74 դպրոցների շինարարության վրա ծախսվել է 22 մլրդ դրամ` ամբողջ ծրագրով նախատեսված 33 մլրդ դրամից, այնինչ մինչև օրս որևէ դպրոցի շինարարություն ավարտված չէ: Վերահսկիչ պալատի ղեկավարը բերում է Գավառի 5-րդ դպրոցի օրինակը: 2006թ-ից մինչև 2013թ-ը նախատեսված 574 մլն դրամից հատկացվել է` մոտ 270 մլն դրամ, 304 մլն. Էլ պետք է հատկացվի դպրոցի շինարարությունը ավարտելու համար:
Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրությունների ժամանակ պարզել է նաև, որ կառավարությունը ժամանակին ծրագիրը իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին: Իշխան Զաքարյանը Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց` կա՞ արդյոք հստակ ծրագիր, որով պարզ կդառնա, թե երբ կավարտվի 74 դպրոցների շինարարությունը: Ըստ Իշխան Զաքարյանի դպրոցաշինության ծրագիրն այս կերպ շարունակելու դեպքում պետբյուջեի միջոցները ծախսելու արդյունավետությունը հարցականի տակ կդրվի:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած փաստերն իրականություն են: Քաղաքաշինության նախարարի ներկայացրած նախագիծն առաջարկում է մոտ 13 օբյեկտ հանել դպրոցաշինության պետական ծրագրից: Դրանք այն օբյեկտներն են, որոնց նորոգման համար անցած 6 տարվա ընթացքում գումար են ծախսվել, սակայն պարզվել է, որ կատարած աշխատանքը չի համապատասխանում տեխնիկական նորմերին և կառուցածի մի մասը պետք է քանդվի:
Հարցը խիստ մտահոգել է նաև վարչապետին, և նա հանձնարարեց հարցը քննարկելու համար հատուկ խորհրդակցություն անցկացնել: Քաղաքաշինության նախարարը վարչապետին տեղեկացրեց, որ 74 կրթական օբյեկտների նորոգման աշխատանքների վերաբերյալ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների հետ լրացուցիչ հանդիպելու անհրաժեշտություն կա:
Տեսանյութը՝ այստեղ