18:46 , 18 սեպտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
«Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպություն»-ն ամիսներ առաջ շրջայց էր կազմակերպել Երևանի տարբեր վարչական շրջանների առևտրի կետերում: Կազմակերպությունը քաղաքացիներից ահազանգեր էր ստանում այն մասին, որ խանութները գնված ապրանքը հետ չեն վերցնում: Որոշ առևտրի կետեր կարծես յուրատեսակ կարգ են սահմանել, որն օրենքին հակասում է: Շրջայցի շրջանակներում իրազեկման աշխատանք էր իրականացվում և՛ տնտեսվարողների, և՛ քաղաքացիների շրջանում: Ինչպիսի՞ պատկեր ունենք ամիսներ անց, արդյո՞ք տնտեսվարողների մոտեցումները փոխվել են: Կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն ՊիպոյանըLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ դրական տեղաշարժ կա:
«Ակցիայից հետո մեր ստացված զանգերի թիվը էական նվազել է: Դա պետք է փաստել: Բացի այդ, մենք իրացման ցանցում հակաօրինական վահանակներ չենք նկատում: Սա դրական տեղաշարժ է և տեսանելի, բայց աշխատանքը պետք է տարվի հետևողական, թաքնված օրինախախտ դեպքեր պետք է չլինեն»,-ասաց Բաբկեն Պիպոյանն՝ ընդգծելով, որ թեպետ զանգերի թիվը նվազել է միևնույն է օրենքի խախտման դեպքեր կան: Նա նշեց, որ շրջայցից հետո առաջին դեպքն է, երբ իրենք նորից դիմում են պետական մարմնին: «Նախկինում տնտեսվարողին բանավոր խնդիրը ներկայացնում էինք, բացատրում և այն կարգավորվում էր: Հիմա դիմել ենք տնտեսվարողին, սակայն խնդիրը չի լուծվում և մենք ստիպված ենք դիմել պատկան մարմիններին և արդեն դա արել ենք: Հասկանո՞ւմ եք, այսինքն՝ խնդիրը դեռ կա: Մեկ այլ օրինակ, ահազանգ ենք ստացել, քաղաքացին դիմել է ապրանքը հետ վերադարձնելու համար, պատասխանել են, որ իրենց մոտ միայն փոխանակում է: Ստիպված քաղաքացին փոխանակել է մեկ այլ ապրանքով, որը չէր ցանկանում ձեռքբերել»,-ասաց կազմակերպության նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ