ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը


17:00 , 18 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Գալուստ Սահակյանը ողջունել է պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում և իր բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին: 

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունների համար այս այցը գործուն նշանակություն կունենա և կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: 

Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, և արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր հարթություններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և փաստել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների և ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության, անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության սկզբունքները: 

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր զարգանում են միջպետական հարաբերությունները: Նա նաև կարծիք է հայտնել, որ արաբական բարեկամ պետությունների անաչառ և չեզոք մոտեցումը միջազգային և տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ իր լուրջ ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ