19:34 , 17 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Tert.am–ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան, ի պատասխան հարցի, թե այսօրվա որոշումից, երբ պարզ դարձավ, որ հանրահավաքը անելու են ոչ թե քառյակով, այլ եռյակով, արդյո՞ք ինքնանպատակ չէ քառյակում մնալը, նկատեց, որ քառյակը այնքանով է քառյակ, որքանով կունենա միասնական դիրքորոշում որևէ կոնկրետ հարցի հետ կապված: «- Քառյակի նպատակը չեն եղել միայն սահմանադրական փոփոխությունները, քառյակը այնքանով է քառյակ, որքանով կունենա միասնական դիրքորոշում որևէ կոնկրետ հարցի հետ կապված, իսկ ...»։
- Քառյակի Ձեր գործընկերները առանց սահմանադրական փոփոխությունների վերջնական փաստաթղթին ծանոթ լինելու ձեռնարկել են հանրահավաքային գործընթաց , ՀՅԴ-ն ասում էր՝ վերջնական փաստաթուղթը տեսնենք, նոր ասենք, կմիանա՞նք հանրահավաքին, թե ոչ: Բայց այսօր հայտարարեց այն, ինչ հայտարարվեց, այսքանից հետո քառյակում մնալն ի՞նչ իմաստ ունի և արդյոք ինքնանպատակ չէ:
- Քառյակի նպատակը չեն եղել միայն սահմանադրական փոփոխությունները, քառյակը այնքանով է քառյակ, որքանով կունենա միասնական դիրքորոշում որևէ կոնկրետ հարցի հետ կապված, իսկ քանի որ այս պահին այլ հարցերում միասնական դիրքորոշում կա, այդ ձևաչափը մենք արժեքավոր ենք համարում, և գտնում ենք, որ այդ հարցերի վերաբերյալ կարող ենք համատեղ գործունեություն ծավալել։
-Այդուհանդերձ նպատակահարմար չե՞ք համարում մնալ-չմնալու հարցը քննարկելը:
-Մնալ-չմնալու խնդիր չկա, քառյակի ձևաչափը այսպես ասած՝ կոալիցիոն համաձայնագիր չէ, այդ ձևաչափը կոնկրետ հարցերի շուրջ միատեսակ մոտեցում ունենալու և խնդիր լուծելու ձևաչափ է։ Քանի դեռ մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, որ կարելի է այդ տիպի խնդիրները քննարկել քառյակի շրջանակում միատեսակ լուծման գալ, այս մասով կուզենանք քառյակը պահպանվի, ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մենք հույս ունենք, որ քառյակի մյուս ուժերը կվերանայեն իրենց դիրքորոշումները, մանավանդ եթե մեզ հաջողվի իշխանություններին մեր առաջադրած ձևաչափը ներկայացնել և պահանջները առաջ մղել։
-Մի անգամ էլ Ձեզնից հարցնեմ՝ հիմա նախկին քառյակը քառյա՞կ է, թե եռյակ:
- Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մեր ձևաչափը կարող է ճշտվել, հիմա այս պահին սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվել որոշել են 3 քաղաքական ուժ, մենք, հակառակը, գտնում ենք անհրաժեշտ: Հիմա ձևաչափը Դուք որոշեք՝ հարց կա, որտեղ ոչ թե 4 ուժեր, 5 ուժեր են մասնակցում, որովհետև նույն «Նաիրիտի» որոշման հարցով միացել է նաև ՕԵԿ-ը, հիմա ի՞նչ ասենք, ասենք հնգյա՞կ: Իսկ սահմանապահ բնակավայրերի զարգացման ծրագրերը ներկայացվում են 6 կուսակցություններով: Հիմա անունը ինչ ուզում եք՝ դրեք, մեզ համար կարևոր չէ քանակը, կարևորն էությունն է:
-Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին ասել է, որ մենք պատկերացնում էինք, որ հանրահավքը լինելու է 12 կետերի շուրջ, ինչպե՞ս ստացվեց, որ Դաշնակցությունը չէր ենթադրում, որ փոփոխություններ են լինելու օրակարգում:
- Հարցը տրամաբանական տեսակետից կաղում է: Իհարկե, քննարկումների ընթացքում այս հարցերը բարձրացել ենք ու ասել ենք, որ բովանդակությունից է կախված հանրահավաքի օրվա, վայրի, ժամի ընտրությունը: Մենք համարել ենք, որ բովանդակությունն է գլխավորը, իսկ օրը տեխնիկական հարց է, բայց երբ տեսնում ենք, որ տեխնիկական հարցը առաջ է մղվել բովանդակությունից նշանակում է մեզ համար արդեն սկզբունքային հարց է դառնում այդ հավաքին մասնակցելու իմաստը գնահատելու տեսակնյունից: Այդ տեսակետից հստակ է մեր դիրքորոշումը, քանի որ հնարավոր չէ շրջանցել սահմանադրական փոփոխությունների հարցը և այս պահի դրությամբ, համենայն դեպս, կան անհաղթահարելի կարծիքներ,մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոչ միայն հանրահավաքը չխաթարվի, այլև յուրաքանչյուր քաղաքական ուժ կաշկանդված չլինի իր մոտեցումներում, հանրահավաքին մենք չենք մասնակցելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ