Ջրային ռեսուրսների կառավարումը 60-ականների մակարդակի վրա է. մասնագետները Սևանից ջրի կորստի նոր ուղի են մատնանշում


16:24 , 17 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Համահայկական բնապահպանական ճակատը» մեկ ամիս առաջ տարածեց տեսանյութ, որի վերլուծությունից պարզ երևում է, որ Արփա-Սևան ջրատարն ինչ-որ մի տեղից բացվածք ունի, և ջուրը թափվում է Եղեգիս գետ: Եղեգիս գետն Արփայի վտակն է, իսկ Արփան հատում է Նախիջևանի սահմանը և լցվում Արաքս գետ: Tert.am-ի հետ զրույցում ագրո-էկոլոգ Գալուստ Նանյանը, վերլուծելով նշված տեղեկությունը, հիմնավորեց, թե ինչպես է Սևանի ջուրը դուրս գալիս երկրի սահմաններից այն պարագայում, երբ երկրում ոռոգման խնդիր լուծելու համար Սևանից ջուր է բաց թողնվում:

«Google Earth ծրագրով ուսումնասիրեցի մեր և հարևան երկրներում տիրող իրավիճակը: Այնտեղ շատ պարզ երևում է, թե հողահանդակներն ինչպես են մշակված: Եվ ես կարծում եմ, որ այնտեղ ավելի զարգացած ենթակառուցվածքներ կան, քան մեր տարածքում: Շատ պարզ երևում են նաև երկու ջրամբարները, որոնք լցված են այստեղից հոսող ջրերով»
,- ներկայացրեց բնապահպանը, և իր մտահոգությունը հայտնեց այն մասով, որ Հայաստանը ջուր արտադրող երկիր է, սակայն ջուրը պահել չի կարողանում։

«Չեմ ասում, որ դա պահելն այնքան էլ հեշտ գործ է, որովհետև համապատասխան ենթակառուցվածքներ պետք է լինեն, ջրամբարների տարածքներ ունենանք և ջրով լցնենք, բայց կան այլ լուծումներ ևս»
,- ասաց նա։

Գալուստ Նանյանը պետական դավաճանություն համարեց այն, որ երկրի 79 ջրամբարներն արդեն 2-3 տարի է չեն լցվում, բոլոր ջրամբարները գրեթե 50 տոկոսով լցված չեն ջրով: Իսկ օրենսդիր և գործադիր իշխանություններում հարց է բարձրացվում, որ Սևանից պետք է հավելյալ ջուր վերցնել՝ գյուղացիների համար, ինչը գյուղացուն վաճառվում է թանկ գնով։

«Տարածքային կառավարման նախարարությունը ցանկ է ներկայացնում, որ Սևանից վերցված ջուրը պետք է հասնի Արմավիրի մարզի համապատասխան գյուղեր, մենք մասնագետների խմբով գնացել են այդ գյուղեր՝ հասկանալու, թե արդյո՞ք Սևանից ջուրը կհասնի իրենց: Եվ եթե Կառավարությունում չկան խելացի մարդիկ, գյուղերում այնքան խելացի մարդիկ կան, որ գիտեն, թե իրենց ջուրը որտեղից է գալիս: Զարմանում էին մարդիկ, ասում էին՝ Սևանի հետ ի՞նչ գործ ունեն, թող մի քանի հատ ձկնաբուծարան փակեն, և մեր ջուրը կհասնի մեզ»,- ասաց Գալուստ Նանյանը՝ հավելելով, որ նույն Արմավիրի մարզի ատոմակայանին մոտ գյուղերում ևս հասկանում են, որ արդեն ատոմակայանին էլ չեն հասցնում ջուր տալ հովացման աշտարակների համար:

Ագրո-էկոլոգը նաև վստահեցրեց, որ այս տարին սակավաջուր չէ, իսկ ստեղծված խնդիրները սխալ քաղաքականության արդյունք են. «Հուսով եմ, որ նոր նախարարը քայլեր կձեռնարկի արտեզյան հորերի փակման աշխատանքների մասով: Կառավարությունը 40 մլն դրամից ավելի գումար հատկացրեց այդ աշխատանքներն իրականացնելու համար: Թող բոլորին չթվա, թե դա էժան գործ է, ջուր ծակել և բացելն ավելի էժան է, քան ջուր փակելը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ