Հայաստանը պետք է մտքից հանի ինչ-որ միությունների փեշի տակ մտնելու գաղափարից. Տնտեսագետ


14:36 , 17 սեպտեմբեր, 2014

Հայաստանը պետք է մտքից հանի ինչ-որ միությունների փեշի տակ մտնելու գաղափարից. Տնտեսագետ168.am-ը գրում է․

«Այդ պատժամիջոցերին պետք չէ նայել որպես մի երևույթ, որը կացնի և կգնա, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, շատ ծանր և երկարատև պրոցես է: Միաբևեռ աշխարհը վերափոխվում է առնվազն երկբևեռության, իսկ երբ բևեռները սկսում են մեկից ավելանալ, դա բերում է աշխարհում ցնցումների: Այսիքին՝ դա կլինի երկարատև և ծանր պրոցես ամբողջ աշխարհում»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով Արևմուտքի և Ռուսաստանի կողմից միմյան նկատմամբ սահմանող պատժամիջոցների մասին: Հ. Մեսրոբյանի խոսքով՝ այն վերլուծաբանները, որոնց թվում է, թե շատ շուտով Ռուսաստանը կչոքի՝ «բառացիորեն տգետ են Ռուսաստանի պատմությունից». «Ռուսաստանը շատ ավելի վատ վիճակներում է եղել և հետո դուրս է եկել նոր որակով՝ ավելի ագրեսիվ կայսրություն: Դա Ռուսաստանի պատմությունն է առնվազն կես հազարամյակ»: Տնտեսագետի դիտարկմամբ՝ սխալվում են նաև այն վերլուծաբանները, որոնք գտնում են, թե այդ պատժամիջոցներից Արևմուտքը նահանջ կապրի, քանի որ, ըստ նրա՝ Արևմուտքի համար էլ դա կյանքի ու մահու պայքար է: Ըստ Հ. Մեսրոբյանի՝ Հայաստանը պետք է մտքից հանի ինչ-որ միությունների փեշի տակ մտնելու գաղափարից. «Երբ սկսում են ստրկամիտ խոսել այն բանի մասին, թե ով է մեզ թույլ տալու, ով է մեզ հարցնում, մեր, այսպես կոչված՝ էլիտայի ճնշող մեծամասնությունը հոգեբանությամբ ստրուկ է: Եվ բնական է, երբ նման էլիտան գալիս է և արդեն 20-25 տարի իշխում է Հայաստանում՝ մտածելով ամեն մի փեշի տակ մտնելու մասին, չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. դրսի նայողը, երբ տեսնում է՝ դիմացինը փորձում է փեշի տակ մտնել, դրան վերաբերվում է համապատասխանաբար: Եթ նա տեսնում է՝ դիմացը կա պետություն, որի վերնախավը գիտակցում է իր շահերը և ոչ միայն գիտակցում է, այլ նաև տևական ժամանակ քայլ առ քայլ պայքարում է իր շահերի համար, շատ դանդաղ կողքինները սկսում են կամաց-կամաց հաշվի նստել տվյալ պետության հետ: Այս պարագայում հեչ կարևոր չէ՝ Հայաստանը որտեղ է՝ Միացյալն նահանգների փեշի տա՞կ, Ռուսաստանի՞, թե՞ Եվրամիության»: Հ. Մեսրոբյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին աշխարհում այս դիրքավորումը մեծապես կախված է մեր ներքին նիստուկացից. «Մեզ մոտ 1991 թվականին բավականին անհաջող պետական կառվարման համակարգ է ստեղծվել և մեզանում հաղթել է բացասական ընտրասերումը, երբ ինչքան մարդ քիչ արժանիքներ ունի, այնքան մեծ է հավանականությունը, որ նրա դիրքը կառավարման բուրգում կբարձրանա: Այս պայմաններում, ինչպես էլ շարունակվի այդ հակամարտությունը և պատժամիջոցները և այլն, Հայաստանը օգուտ չի ունենա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ