ՄԻԵԴ-ը սկսել է առավել ուշադրություն դարձնել ՀՀ-ի կողմից ներկայացված գործերին. Արա Ղազարյան


11:12 , 17 սեպտեմբեր, 2014

ՄԻԵԴ-ը սկսել է առավել ուշադրություն դարձնել ՀՀ-ի կողմից ներկայացված գործերին. Արա ՂազարյանPanorama.am-ը գրում է․

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծես եկել է այն համոզման, որ Ադրբեջանում հայ գերիների իրավունքները խախտվում են: ՄԻԵԴ-ը սկսել է առավել ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ներկայացված գործերին»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, ՄԻԵԴ-ում ադրբեջանցիների կողմից հայ գերիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արդեն 5-6 գործ կա Հայաստանից: 

«Դիմելով ՄԻԵԴ՝ ուզում ենք ցույց տալ, որ սիստեմատիկ կերպով խախտվում են մարդու իրավունքները սահմանամերձ շրջանում: Մեր քաղաքացիներն անզգուշությամբ անցնում են սահմանը, նրանց Ադրբեջանում որակում են որպես դիվերսանտներ, նրանց նկատմամբ կիրառվում է արգելված վերաբերմունք»,- ասաց Ա. Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: Խոջոյանի ընտանիքը պահանջում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ քրեական հետապնդում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը:

Ինչպես նաև՝ Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը 2014թ. սեպտեմբերի 10-ին դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: 

«Կարեն Պետրոսյանի գործով դիմումը երկու օր առաջ կոմունիկացվել է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը, ով նաև ՄԻԵԴ-ում ներկայացնում է Պետրոսյանի ընտանիքը:

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանն ասել էր, որ  Մամիկոն Խոջոյանի գործի ընդունելության հարցը քննարկման փուլում է:

Արա Ղազարյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի առաջ Մանվել Սարիբեկյանի գործով ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել, սակայն դեռևս ոչ մի տեղեկություն չկա, թե երբ են սկսելու գործի քննությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ