Ամերիկյան կողմը ԼՂ խնդրի ձգձգման վտանգավորության զգացում ունի. քաղաքագետներ


22:40 , 16 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Ըստ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Հայաստանում արած հայտարարությունը՝ «Արդեն ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները տարվեն այլ մակարդակի», նշանակում է, որ ժամանակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: 

«Կարծում եմ, որ իրենք ունեն խնդրի ձգձգման վտանգավորության զգացում՝ հատկապես կապված օգոստոսի սկզբին տեղի ունեցած սահմանային իրադարձությունների հետ: Այն ժամանակ կարծես բոլորի համար ակնհայտ դարձավ, որ նման լարվածություններ հնարավոր է, որ հրահրվեն անգամ երրորդ ուժի կողմից, և որպեսզի բացառվեն նման լարվածությունները, որոնք կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, հիմա, կարծում եմ, ամերիկյան ներկայացուցիչը պնդում է, որ ժամանակն է, որպեսզի գնան խնդրի համապարփակ լուծման»,-ասաց նա:

Անդրադառնալով ամերիկացի համանախագահի այն մտքին, թե արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները երբեմն հանդիպեն, և պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, Աղասի Ենոքյանը նշեց, որ իր կարծիքով պետք է ստեղծվի երկկողմանի աշխատանքային խումբ, որոնց միջնորդությամբ հնարավոր կլինի խնդիրը լուծել երկարաժամկետ բանակցային գործընթացով:

«Ներկայումս բանակցային գործընթացի ընթացքում դիպվածային հանդիպումներ են լինում՝ նախարարների ու նախագահների մակարդակներով կամ հանդիպումներ Մինսկի խմբի հետ: Այսինքն՝ սա նշանակում է, որ չպետք է բավարարվել այս դիպվածային հանդիպումներով»,-ասաց նա:

Հարցին, թե կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում ավելի ակտիվ է սկսել աշխատել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և կարելի է սպասել զարգացումների, պատասխանեց. «Այո, Մինսկի խմբի համանախագահի հայտարարություն է սա, որով կոչ է արվում ավելի ինտենսիվ բանակցել, բանակցությունների մակարդակ փոխել: Ամբողջ հարցն այն է, թե որքանով է սա համաձայնեցված մյուս կողմերի հետ՝ նկատի ունեմ ՌԴ-ին, Հայաստանին ու Ադրբեջանին, բայց որոշակի ազդանշան կա, որ զարգացումները կակտիվանան: Կարծում եմ նաև, որ Ուորլիքի հայտարարությունը վերահաստատումն է նրա, որ պետք է գործընթացում ընդգրկված լինեն եռանախագահ բոլոր երկրները, մանավանդ որ վերջում նա էլի խոսում է առաջիկա փարիզյան հանդիպման մասին»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ