Անավարտ պատմության հետքերով. 39-րդ շենք VS Սեբաստացի նախակրթարան


15:00 , 16 սեպտեմբեր, 2014

Անավարտ պատմության հետքերով. 39-րդ շենք VS Սեբաստացի նախակրթարանArmnewstv.am-ը գրում է․

Սա ոչ փողոց է, ոչ էլ մայրուղի: Հարավ Արևմտյան թաղամասի Բաբաջանյան 39-րդ շենքի բակն է: Այն գտնվում է Մխիթար Սեբաստացի նախակրթարանի դիմաց: Առավոտից մինչև կեսօր այս շենքի բակում ակտիվ երթևեկություն է, խցանումներ ու աղմուկ : Այս ամենից բացի, բնակիչները բողոքում են աղտոտված օդից: Ավտոմեքենաների արտանետումների պատճառով նրանք պատուհանները հաճախ չեն բացում:

Բնակիչները դեպք են պատմում, երբ շտապօգնության մեքենան ուղղակի չի կարողացել մոտենալ շենքին` դրա բակում կանգնած մեքենաների պատճառով: Բնակիչները կրթահամալիրի տնօրենին են մեղադրում գլխավոր մուտքը չօգտագործելու համար: Աշոտ Բլեյանը բնակիչների բողոքը հասկանում է, իրեն ուղղված մեղադրանքը` ոչ:

Աշոտ Բլեյանը նշում է, որ կայանատեղի ստեղծելու խնդրանքով հաճախ է դիմել քաղաքային իշխանություններին: Մեղքը միայն կրթահամալիրի ղեկավարներինը չէ, կարծում է Աշոտ Բլեյանը, բնակիչներն իրենք էլ մեղավոր են դպրոցի և շենքի շրջակա տարածքն ապօրինի կառուցապատելու, ավտոտնակներով ու խանութներով փակելու համար:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գլխավոր մուտքը Բաբաջանյան փողոցից է: Այն փակ է մասնավոր ավտոմեքենաների համար: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշում է` ստիպված են եղել նման որոշում կայացրել. դպրոցի բակում, երեխաները հաճախ վազում են, մարզվում, և ճիշտ չէ, որ այդտեղ ավտոմեքենաներ մտնեն: Կրթահամալիրին պատկանող միկրոավտոբուսներն աշակերտներին ամեն առավոտ դպրոց են բերում: Բայց կան ծնողներ, որոնք չեն սիրում օգտվել դրանցից: Շքեղության մրցավազքի գործոնն էլ կա: Ծնողները չեն ուզում որ իրենց երեխան հետ մնա մյուսներից կամ ոտքով անցնի մինչև դպրոց տանող թեկուզև կարճ ճանապարհը:

Աշոտ Բլեյանը դեմ չէ քայլեր ձեռնարկել, եթե քաղաքային իշխանությունը որոշում ընդունի, լուծում առաջարկի, կանգնի դպրոցի ու աշակերտների կողքին:

Տեսանյութն՝ այստեղ