00:26 , 16 սեպտեմբեր, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Նրան անվանում էին «Հայկական սոխակ»: Հայաստանի քնարակոլորատուրային սոպրանոյի ձայնը ճանաչված էր ամբողջ աշխարհում: Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շքասրահում` Գոհար Գասպարյանի 90 ամյակին նվիրված միջոցառմանը ցուցադրված են նրա բեմական զգեստները: Հենց այս հանդերձանքով է նա առաջին անգամ Վերդիի «Տրավիատան» կատարել, սրանով էլ եղել է Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում: Գոհար Գասպարյանի ընկեր և oպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը շրջում է զգեստների շարքով, ափսոսանք հայտնում, որ զգեստները կորցրել են իրենց տեսքը, չէ՞ որ տասնամյակներ առաջ դրանք իսկապես շքեղ էին ու բեմական շարմ ունեին: Մյուս կողմից` Գոհար Գասպարյանը շքեղ տեսքի կարիք երբեք էլ չի ունեցել: Գոհար Գասպարյանը Հայաստանի դեմքն էր: Նրան բոլորը գիտեին, աշխարհի ցանկացած ծայրում ծանոթ էին նրա անհավանական գեղեցիկ ձայնին: Շքասրահով է շրջում ու զգեստներն է ուսումնասիրում նաև Գոհար Գասպարյանի թոռը` Գևորգ Այդինյանը: Տատիկին այս զգեստներով լավ է հիշում: Հաճախ էր օպերա էր գալիս ու դիտում տատիկի ելույթները: Արվեստաբան ու Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը ևս մեներգչուհու ընկերն է եղել: Ասում է` Գոհար Գասպարյանը եզակի կին էր, նա հանդիսատեսին էր գրավում և իր ձայնով, և հմայքով: ԽՍՀՄ տարածքում ոչ ոք չէր կարող երգել այնպես ինչպես կարող էր Գոհարը: Երեք ամիս շարունակ օպերային թատրոնում կիրականացվեն «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ» խորագրով ճանաչողական հանդիպումներ: Սերգեյ Առաքելյանը կպատմի արտիստուհու կյանքի ու գործունեության մասին, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն համերգային ցերեկույթներ: Հոբելյանական հանդիսությունները կշարունակվեն մինչև տարեվերջ:
Տեսանյութը`այստեղ