11:49 , 14 սեպտեմբեր, 2014
ԱՄՆ-ը տարբեր ձևաչափերով մեծացնում է ճնշումները Թուրքիայի նկատմամբ: Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Թուրքիայի մաս չկազմելու և ռազմական գործողություններին չմասնակցելու վերաբերյալ նախնական դիրքորոշման հետ մեկտեղ ամերիկյան կողմը նաև տեղեկատվական դաշտում ճնշումներ է բանեցնում այդ երկրի նկատմամբ: Պատահական չէ, որ կոալիցիային իր պասիվ դերակատարությունն առաջարկող Թուրքիայի վերաբերյալ սկսեցին տարբեր հրապարակումներ ու հայտարարություններ հնչել: Օրինակ այն, որ ամերիկյան անվտանգության ոլորտի փորձագետները հետաքննում են ԻՇԻՊ-ի ձեռքում թուրքական արտադրության սպառազինության հայտնվելու հանգամանքները: Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիկարդոնեն էլ հայտարարեց Թուրքիայի ու ահաբեկչական կառույցների կապերի մասին: Ամերիկյան Wall Street Journal պարբերականն էլ այսօրվա իր հրապարակման մեջ նշել է Թուրքիայի՝ այլևս ԱՄՆ-ի դաշնակիցը չլինելու մասին և հիշեցրել 2003 թ. իրավիճակը, երբ Թուրքիան մերժեց իր տարածքը տրամադրել Իրաքի դեմ գործողությունների ժամանակ: Պարբերականն ակնարկել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաօդային բազան Հյուսիսային Իրաքում համարժեք բազայով փոխարինելու նպատակահարմարության մասին: