22:29 , 13 սեպտեմբեր, 2014
GalaTV.am-ը գրում է.
The Washington Post-ի անկախ թղթակից Մոհամեդ Սալիհը գրի է առել 14-ամյա եզդի աղջկա պատմությունը, ով հասցրել է փախչել ԻԼԻՊ-ի զինյալների գերությունից, եւ ում, անվտանգության նկատառումներից ելնելով, նա անվանում է Նարին:
«Բացի քրդերենից թարգմանության եւ որոշ խմբագրումներից` պարզության ու ժամանակագրական կարգի համար, միակ բանը, որ ես փոխել եմ հենց իր` Նարինի խնդրանքով, դրանք անուններն են: Սա արված է, որպեսզի պաշտպանեն նրան եւ մյուս զոհերին վրեժից. նրա հարազատներից շատերը դեռեւս գերության մեջ են»,- նշում է Սալիհը նախքան իր հերոսուհու պատմությանն անցնելը:
Ինչպես պատմել է լրագրողին Նարինը, օգոստոսի 3-ին հարազատները զանգել են իր ծնողներին եւ զգուշացրել ԻԼԻՊ-ի զինյալների մոտեցման մասին: Դրանից հետո նրա ընտանիքը հեռացել է հայրենի գյուղից եւ ուղեւորվել Սինջար լեռը, որպեսզի մնացած եզդիների հետ այնտեղ ապաստանի: Սակայն, երբ նրանք կանգ են առել անապատի օազիսում` ջուր վերցնելու, նրանց շրջապատել են մի քանի ավտոմեքենաներ` ԻԼԻՊ-ի զինյալների համազգեստով մարդկանցով:
Ըստ աղջկա վկայության՝ զինյալները փախստականներին բաժանել են ըստ սեռի եւ տարիքի: Տարեց տղամարկանց եւ կանանց կողոպտել են ու թողել օազիսում, երիտասարդներին գնդակահարել են տեղում, իսկ աղջիկներին նստեցրել են բեռնատարները եւ տարել իրենց հետ:
Այնուհետեւ գերիներին 20 օր փակի տակ են պահել Մոսուլում՝ ամեն օր առաջարկելով ընդունել իսլամ: Ի վերջո պահակախումբն առանձնացրել է ամուսնացած կանանց չամուսնացածներից: «Իմ մանկության ընկերուհուն` Շայմային եւ ինձ նվիրեցին ԻԼԻՊ-ի երկու անդամների: Նրանք ուզում էին մեզ կին կամ հարճ դարձնել: Շայմային հանձնեցին հոգեւորական Աբու Հուսեյնին: Ինձ էլ տվեցին 50-ամյա թխամազ մորուքով մի հաստլիկի, որը կարծես թե բարձր պաշտոն էր զբաղեցնում: Նրան անվանում էին Աբու Ահմեդ»,- պատմում է Նարինը:
«Աբու Ահմեդը, Աբու Հուսեյնը եւ նրանց օգնականն ապրում էին Էլ-Ֆալուջայում` մի տանը, որը նման էր պալատի: Աբու Ահմեդն ինձ անընդհատ ասում էր, որ իսլամ ընդունեմ, բայց ես նրան չէի լսում: Մի քանի անգամ նա փորձեց ինձ բռնաբարել, բայց ես խույս էի տալիս նրա սեռական ոտնձգություններից: Այդ ժամանակ նա հայհոյում էր եւ ամեն օր ծեծում ինձ ձեռքերով ու ոտքերով: Նա կերակրում էր ինձ օրը մեկ անգամ: Մենք Շայմայի հետ սկսեցինք քննարկել ինքնասպանության դիմելու միտքը»,- հիշում է Սալիհի զրուցակիցը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ