19:00 , 13 սեպտեմբեր, 2014
Ձերբակալումը դա անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:
Համաձայն օրենքի, անձին կարելի է ձերբակալել միայն այն դեպքում երբ, վերջինս կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով կամ մեղադրյալին, որը խախտել է կիրառված խափանման միջոցի պայմանները:
Հարկ է նշել, որ ձերբակալումը կատարվում է անմիջականորեն ծագած կասկածանքի կամ քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Ձերբակալումը չի կարող տևել ավելի քան 72 ժամ սկսած այն պահից երբ անձը վերցվել է արգելանքի:
Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Կալանավորումը օրենքով սահմանված խափանման միջոցի տեսակ է, որը կիրառվում է մեղադրյալի նկատմամբ միայն դատարանի որոշմամբ՝ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ: Դատարանի նախաձեռնությամբ անձը կարող է կալանավորվել միայն այն դեպքում երբ տվյալ գործը քննվում է դատարանում:
ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում է թույլատրվում միայն կիրառել կալանավորում. դրանք են՝ առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով:
Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:
Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի: Օրենքով նախատեսված է նաև կանաքի տակ պահելու ժամկետների երկարացման հնարավորություն:
Եվ այսպես, ձերբակալման և կալանավորման հիմնական տարբերություններն են.
Ձերբակալումն իրականացվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի կամ դատախազի կողմից, իսկ կալանավորումը բացառապես դատարանի կողմից:
Ձերբակալված անձին չեն կարող արգելանքի տակ պահել ավելի քան 72 ժամ, իսկ կալանավորված անձին արգելանքի տակ կարող են պահել երկու ամիս ժամկետով, ընդ որում կալանավորված անձին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է դատարանի որոշմամբ երկարացվել յուրաքանչյուր անգամ ոչ ավելի քան երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան մեկ տարի: Մինչև ձերբակալումը անձը քրեադատավարական օրենքով որևէ կարգավիճակ չունի, իսկ կալանավորումը թույլատրվում է միայն մեղադրյալի նկատմամբ: Ձերբակալումը` անձին կարճաժամկետ արգելանքի տակ վերցնելն է, իսկ կալանավորումը` խափանման միջոց:
Հայկազ Գալստյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին: