«Մանկական Եվրատեսիլ»-ը պետք է վերածվի տոնի, ոչ թե ծնողների չարախոսությունների


13:36 , 13 սեպտեմբեր, 2014

Untitled-101in.am-ը գրում է.

«Մանկական Եվրատեսիլ»-ին ընդառաջ Youtube-ում բարձր դիտում է գրանցել «Խաղաղություն» երգը, որը կատարում է տասներկուամյա Մերի Մեյրոյանը:

Երգի պրոդյուսեր Դավիթ Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց երգի հայտը մյուսներից տարբերվում է, քանի որ այս քայլով խաղաղության կոչ են անում աշխարհին: Երգի կրկներգում տասնհինգ լեզվով ասվում է խաղաղություն:

Անկախ մրցույթի վերջնական արդյունքից, Դավիթ Բադալյանի խոսքով, այն կկրի շարունակական բնույթ: Այն Եվրոպայի և ամբողջ աշխարհի մանուկներին խաղաղության կոչ է: «Ուզում ենք Հայաստանը խաղաղության կոչով ներկայանա, սա կնպաստի հայերի հեղինակության մեծացմանը, և մեզ տարածաշրջանում կհաստատի որպես խաղաղասեր ժողովուրդ»,- ասաց Դավիթ Բադալյանը` հավելելով, որ «Հանրային» հեռուստատեսությունը բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ է ստեղծում:

Նա կոչ արեց քվեարկել Մերի Մեյրոյանի օգտին: «Այդքան չեմ կարևորում հաղթանակը, քանի որ իրականում ամենակարևորը պրոպագանդան է»,- ասաց Դավիթ Բադալյանը:

Մեր հարցին` արդյոք քաղաքականության հետ կապ ունի՞ «Մանկական Եվրատեսիլ»-ը, գուցե հենց դրանով է պայմանավորված խաղաղության կոչով հանդես գալը, պրոդյուսերը նշեց, որ չի ուզենա «Մանկական Եվրատեսիլ»-ը քաղաքականության հետ կապել. «Քաղաքականության հետ չեմ ուզում կապել այն, բոլոր երեխաները խաղաղ և անհոգ մանկություն ունենալու են արժանի: Մերիի հետ նստում քննարկում ենք, տասներկու տարեկան է, շատ ազդեցիկ է, որ երեխան կարող է երգել խաղաղության մասին, բեմադրության մեխն էլ ջութակահարն է, ով սիրիահայ է, գեղեցիկ քայլ է՝ Սիրիայից եկած տասնչորս տարեկան տղա է»,- ասաց նա:

Տասներկու տարեկան Մերին առաջին անգամ է այսպիսի բեմում հայտնվում, հուզված է: Պրոդյուսերի խոսքով` «Մանկական Եվրատեսիլ»-ը պետք է վերածվի տոնի, ոչ թե ծնողների չարախոսությունների: «Գաղտնիք չէ, որ մասնակցում են նաև մեծերը, օգնում են երեխաներին: Եվ մրցույթին, և քվեարկությանը ծնողներն արդար են տրամադրված»,- հավելեց նա: