12:42 , 13 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Գիտնական Սիդ Քվադյեն կարծում է, որ քնի մեջ հնարավոր է սովորել: Եթե քնելուց առաջ ինչ-որ գործ սկսեք, ապա ուղեղը քնած ժամանակ շարունակում է աշխատել դրա վրա և լուծումներ փնտրել գիշերը, գրում է Nine MSN-ը: Պրոֆեսորը դա ապացուցել է 18 կամավորների վրա: Նա ուսումնասիրել է փորձի մասնակիցների ուղեղի ալիքները:
Կամավորներին արթուն ժամանակ ձայնագրություններ են միացրել, որտեղ հնչել են կենդանիների կամ առարկաների անուններ: Երբ կենդանու անուն է հնչել, մասնակիցները սեղմել են ձախ կոճակը, իսկ առարկայի անվան դեպքում՝ աջ կոճակը: Այնուհետև, նրանց թույլատրել են մութ սենյակ անցնել և քնել:
Քնած ժամանակ նույնպես կամավորների համար նման ձայնագրություններ են միացրել: Չնայած քնի մեջ նրանք չեն կարողացել սեղմել համապատասխան կոճակը, նրանց ուղեղում այդ պահին ակտիվացել է այդ գործողությունների համար պատասխանատու հատվածը: Այսպես ուղեղը արձագանքնել է արտաքին տեղեկատվությանը: Ընդ որում, հայտնի է, որ քնից առաջ օտար լեզվով ձայնագրություն լսելը հեշտացնում է այդ լեզվի ուսուցանումը: Դա բացատրվում է նրանով, որ ուղեղի որոշ հատվածներ քնի տարբեր փուլերում ավելի ակտիվ են, քան արթուն ժամանակ: