21:52 , 12 սեպտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
Օրերս ամերիկյան «The New York Times» պարբերականում լույս էր տեսել «Ռուսաստանի հաջորդ հողազավթումը» խորագրով վերլուծական հոդված, որտեղ` որպես Ռուսաստանի հաջորդ թիրախ, ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Հոդվածի ընդհանուր միտքը նրանում է, որ Ռուսաստանը վերջին ամիսներին միտումնավոր հրահրում է լարվածություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, որպեսզի կարողանա խաղաղարար առաքելությամբ հանդես գալ:
Ըստ հեղինակի` Ռուսաստանին հաջողվում է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել, քանի որ վերջինս զգալի ազդեցություն ունի Հայաստանի վրա: Ավելին, հոդվածագիրը պնդում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում 1990-ականներին առնվազն երեք անգամ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր են կնքել, սակայն Ռուսաստանը խոչընդոտել է`ազդելով Հայաստանի վրա` այդ թվում կազմակերպելով հոկտեմբերի 27-ը: Իսկ վերջում հեղինակը հույժ կարևոր է համարում, որպեսզի Արևմուտքը հատուկ ռազմավարություն մշակի և թույլ չտա Ռուսաստանին` Ղարաբաղը «զավթելով վերականգնել իր կայսրությունը»:
Հեղինակի այս ընդհանուր դատողությունների, մեղմ ասած, «անհիմն լինելը» արդեն իսկ առիթ է տալիս մտածելու, թե ով է նա և ինչ առաքելությամբ է սույն հոդվածն հայտնվել հեղինակավոր պարբերականի էջին: Սակայն մինչ այդ, հարկ է արձանագրել, որ անելով նման դատողություններ, հեղինակն, ըստ էության, չի ներկայացնում և ոչ մի փաստական հիմնավորում:
Օրինակ` խոսելով Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին` հեղինակը պնդում է, որ քննարկվել է խաղաղապահների տեղակայման հարցը, սակայն, կրկին, առանց փաստերի: Այս առումով բավական է նշել միայն այն, որ այդ հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություններից և ոչ մեկում չի նշվել ռուս խաղաղապահներ տեղակայելու խնդրի կամ նման առաջարկի մասին, ավելին` պաշտոնական Երևանը տարբեր հարթակներում միշտ էլ հայտարարել է, որ նման խնդիր չի դիտարկվում:
Բարդ է ասել, թե ինչ է հուշել հեղինակին իր տրամաբանությունը, բայց եթե Սոչիում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը քննարկված լիներ, ապա դժվար թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, ողջունեին հանդիպման նախաձեռնությունը, ինչպես նաև կլինեին դրանից բխող հետագա զարգացումներ բանակցային գործընթացում:
Այնուհետև հեղինակը նշում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիս-օգոստոսյան լարվածության աճի մասին, միտումնավոր շեշտում 40 զոհի մասին` առանց պարզաբանելու, թե որ կողմից քանի զոհ է գրանցվել: Հասկանալի է չէ՞, որ մասնագիտական կոռեկտությունից ելնելով կարելի էր հղում անել պաշտոնական տեղեկություններին, այն դեպքում, երբ հայկական կողմի մասով ամեն ինչ հրապարակայնացված է և հասանելի տեղեկատվական դաշտում: Ավելին, ընթերցողին ապակողմնորոշելու միտումով ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները ներկայացնում է որպես «հայկական կողմի պրովոկացիա»` համաձայնեցված Վլադիմիր Պուտինի հետ: Սույն «հզոր» մտքերի տերը, բնականաբար, մոռանում է նշել ադրբեջանական զինվորականների և մասնավորապես գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի կողմից սպանված Կարեն Պետրոսյանի մասին, որը չէր կարող տեղի ունենալ առանց Ալիևի գիտության: Ինչպես նաև այն, որ սաhմանային միջադեպերի մասով հետաքննություն անցկացնելու առաջարկը բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել է հայկական կողմից, բայց մերժվել Ադրբեջանի կողմից: Չմոռանանք, որ հայկական կողմը վերջերս հետ է հանձնել Մարտակերտի շրջանում ԼՂՀ սահմանը հատած Ադրբեջանի Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
Ինչևէ, շարունակելով ընթերցողներին մոլորության մեջ գցելու տեխնիկան, հեղինակը զուգահեռ լծվում է Ալևի «դեմքը փրկելու գործին»` պնդելով, որ սահմանային լարվածության օրերին Ալիևը անգամ երկրում չի եղել: Սա ադրբեջանական այն հայտնի թեզի մատուցումն է, որով փորձ է կատարվում թե´ ադրբեջանական և թե´ միջազգային հանրության մոտ փրկել «ադրբեջանական հզոր բանակ»-ի միֆը, որի գոյությունը այդ օրերին լուրջ կասկածի տակ դրվեց հայական զինուժի պրոֆեսիոնալ գործողությունների միջոցով:
Հրապարակման մեջ շարադրված մտքերը զուրկ են փաստական հիմքերից, դրանց խոցելի լինելը հեշտությամբ կարելի է ցույց տալ նաև այլ հակափաստարկներով, սակայն կոնկրետ այս դեպքում հոդվածագրի ով լինելն ավելի կարևոր է, ինչից և կարելի է եզրակացնել, թե ինչու է նման շեշտադրումներով հոդված հրապարակվել հեղինակավոր պարբերականում:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ